ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Բաց հասարակության հիմնադրամները սկսել է գործունեությունը Հայաստանում 1997 թ․-ին, երբ Լեռնային Ղարաբաղում պատերազմի, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից պարտադրված տնտեսական շրջափակման հետևանքով Հայաստանի բնակչությունը գտնվում էր մեկուսացման մեջ: Խորհրդային դարաշրջանի սոցիալական ապահովման համակարգի փլուզման հետևանքով երկրի գլխավոր ենթակառուցվածքների մեծ մասը ֆինանսավորման և բարեփոխման կարիք ունեին: Հիմնադրամը, արձագանքելով երկրում ստեղծված իրավիճակին, առաջնային կարևորության սարքավորումներ, տեխնիկական միջոցներ և փորձագիտական օժանդակություն տրամադրեց Հայաստանի դպրոցներին, բուհերին, գրադարաններին և առողջապահական հաստատություններին: Այդ աջակցության շահառուների թվում էին Հայաստանի ազգային գրադարանը և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը:
1997 թ․-ից մինչև օրս Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (այսուհետ՝ Հիմնադրամը) ավելի քան 63 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրային աջակցություն է տրամադրել Հայաստանին: Հիմնադրամն օժանդակություն է ցուցաբերել քաղաքացիական հասարակության խմբերի լայն շրջանակի` ներառյալ կանանց ապաստարանների, հետաքննող լրագրողների կազմակերպությունների, իրավապաշտպանների, ընտրություններն ու հանրային ծախսերը մշտադիտարկող կազմակերպությունների:
Հայաստանում կորոնավիրուսի (ՔՈՎԻԴ-19) դեմ պայքարին աջակցելու և համավարակի հետևանքները չեզոքացնելու նպատակով Հիմնադրամն ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել։ Այս աննախադեպ ճգնաժամի ընթացքում Հիմնադրամը հրատապ աջակցություն (սնունդ, հիգիենիկ պարագաներ, ջեռուցում) է տրամադրել հասարակության առավել խոցելի խմբերին՝ միայնակ տարեցներին, հաշմանդամություն, քրոնիկ հիվանդություններ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ընտանեկան բռնությունից տուժածներին, հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և սոցիալապես խոցելի ընտանիքներին:
2020 թ․-ին Արցախում 44-օրյա պատերազմն աղետալի իրավիճակ ստեղծեց հազարավոր քաղաքացիների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան առողջության, սեփականության ու գույքի իրավունքների ոտնահարման, որակյալ կրթության ու առողջապահական ծառայությունների հասանելիության տեսանկյունից: Այս իրավիճակով պայմանավորված՝ Հիմնադրամն աջակցեց պատերազմի հետևանքով տուժած Արցախի քաղաքացիական բնակչությանը՝ ֆինանսավորելով բազմաթիվ մարդասիրական ծրագրեր: Այս նպատակով Հիմնադրամն ավելի քան 535 հազար ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել։ Այդ աշխատանքներին զուգահեռ, Հիմնադրամն աջակցում է նաև երկրի առաջատար իրավապաշտպաններին և իրավաբաններին՝ ապահովելու պատերազմական հանցագործությունների հետևանքով տուժած անձանց համար արդարադատության վերականգնումը։ Այս նախաձեռնություններին զուգահեռ Հիմնադրամը, գործընկերների հետ համատեղ, պատրաստել և տեղական ու միջազգային ատյաններում ներկայացնում է պատերազմի հետևանքով մարդու իրավունքների խախտումների ընդգրկուն հաշվետվություն՝ հիմնված փաստերի հավաքագրման վրա։
Հիմնադրամը շարունակում է օժանդակել այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք պայքարում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, արդարադատության, հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքների ամրապնդման համար։
9 ՓԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1․ 2000-2005 թթ․ Հիմնադրամն աջակցել է Հայաստանի գրադարանների ավտոմատացման ծրագրերին: Հիմնադրամի դրամաշնորհով Հայաստանում ստեղծվել է գրադարանների ավտոմատացված բազմատարածական համակարգ և ընդհանուր կատալոգ, որը ներառում է Հայաստանի 10 հիմնական գրադարանները և պարունակում է ավելի քան 1 միլիոն 200 հազար մատենագրական նմուշ:
2․ 2008թ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամին հաջորդած իրավիճակում Հիմնադրամն օգնել է տնտեսական ծանր կացության մեջ հայտնված ավելի քան 65 հազար հայաստանցի ընտանիքների, որոնց տրամադրվել է տաք սնունդ, տնային ջեռուցում, տրանսպորտի և առողջապահական ծառայություններ: Հակաճգնաժամային այս մեծ ծրագիրն իրականացնելու համար Հիմնադրամը 2.2 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել և դոնորներից լրացուցիչ 2.5 միլիոն ԱՄՆ դոլար հավաքագրել՝ աջակցելով շուրջ 60 տարբեր նախագծերի:
3․ Հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում ներդրվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայություններ: Հիմնադրամն աջակցել է հոգեկան առողջության համայնքահեն կառույցներին, այդ թվում՝ Սպիտակի խնամքի տան ծրագրին:
4․ Հիմնադրամն օժանդակել է նոր դասընթացների և ուսումնական ծրագրերի մշակմանը՝ օգնելով Հայաստանի բուհերին՝ բարելավել առարկայական և մասնագիտական ծրագրերը: 2012 թ․-ից Հիմնադրամն աջակցել է բարձրագույն կրթության ոլորտում հաշվետվողականության մեխանիզմների ստեղծմանը և մշտադիտարկել է կրթական բարեփոխումների իրագործման ընթացքն ամբողջ երկրում:
5․ Հարգելով անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտների արժանապատվությունը՝ Հիմնադրամն աշխատել է ՀՀ Առողջապահության նախարարության հետ՝ ստեղծելու ամոքիչ (պալիատիվ) խնամքի ազգային չափորոշիչներ և ֆինանսավորելով կյանքի վերջին օրերն ապրող անձանց խնամքի գծով մասնագիտացող նոր մասնագետների վերապատրաստումը:
6․ 1997թ-ից ի վեր Հիմնադրամն ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել՝ աջակցելու կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների աշխատանքը, այդ թվում ՝ ընտանեկան բռնությունից տուժած անձանց հրատապ ծառայություններ մատուցելու համար:
7․ 1997 թ․-ից Հիմնադրամը շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն է հատկացրել Հայաստանում անկախ լրատվամիջոցների և հետաքննական լրագրության կայացմանը։
8․ Հիմնադրամն աջակցել է տեղական կազմակերպություններին՝ խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքները պաշտպանելու համար, ինչպես նաև դիտարկելու հանրային ծառայությունների որակը և ապահովելու դրանց արդար մատուցումը:
9․ Հիմնադրամն աջակցել է Հայաստանի բանտերում, ոստիկանության պահման խցերում, հոգեբուժական հաստատություններում և տարեցների խնամքի տներում մարդու իրավունքների մշտադիտարկմանը և պայմանների բարելավմանը: