Հոկտեմբերի 18-ին Երևանում տրվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ջատագովության կոալիցիայի աշխատանքների մեկնարկը։
Կոալիցիայի հիմնադիրներն են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը, Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը։
Այս կազմակերպությունները նպատակ ունեն իրականացնել արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեղ ջատագովություն՝ հիմնվելով քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող և իրականացվելիք համապարփակ մշտադիտարկումների վրա։
«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» կոալիցիան նախատեսում է իրականացնել ջատագովություն Բարձրագույն դատական խորհրդի հաշվետու աշխատանքի ապահովման, պատշաճ վեթինգի և բարձր որակավորում ունեցող դատավորների թեկնածուների առկայության, արդյունավետ և հաշվետու հակակոռուպցիոն կառույցների ստեղծման, անկախ և արդար դատավարության ապահովման միջազգային չափանիշներին համապատասխան դատական նիստերի և գործընթացների անցկացման, հաշվետու և թափանցիկ ոստիկանական բարեփոխումների իրականացման, ներառյալ՝ ներքին գործերի նախարարության կազմավորման վերաբերյալ։
Միջոցառման ընթացքում կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից կատարվող և պլանավորված աշխատանքները, ինչպես նաև իրենց դիտարկումները դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։
«Լայն հասարակությունը պետք է տեղյակ լինի բարեփոխումներից և իր կարծիքը հայտնելու հնարավորություն պետք է ունենա»,- կոալիցիայի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ նշել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը։
Նրա խոսքով՝ քաղհասարակությունը հետ չի կանգնել արմատական վեթինգի գաղափարից։ «Մեր նախաձեռնության առանցքային թիրախներից մեկը Բարձրագույն դատական խորհուրդն է, և նրա գործունեությունը։ Մենք շարունակում ենք պահանջել, որ այնպիսի վեթինգ տեղի ունենա, որն իրապես կփոխի դատական համակարգը, և ԲԴԽ-ն նաև թիրախում է, որպես վեթինգի մի մասով իրականացման պատասխանատու մարմին»,- ընդգծել է Դավիթ Ամիրյանը։
Միջոցառման ուղիղ հեռարձակման տեսագրությունը՝ https://bit.ly/3ggZIFN