Իրականում նա հեղափոխության սցենար չի գրում և մարդկանց գումար չի վճարում բողոքի ցույցերի մասնակցելու համար:
The Washington Post
Հեղինակ՝ Էմիլի Թեմկին
Էմիլի Թեմկինն ԱՄՆ-ում լույս տեսնող «New Statesman» պարբերականի խմբագիրն է և «Սորոսի ազդեցությունը» (անգլ.՝ «The Influence of Soros») գրքի հեղինակը:
6-ը օգոստոսի, 2020 թ.
Ջորջ Սորոսը, ով չորեքշաբթի կդառնա 90 տարեկան, թերևս աշխարհի ամենահայտնի «բոբոն» է: Նա հեջային ֆոնդերի լավագույն կառավարիչներից է: Կարելի է պնդել նաև, որ նա արժույթի շուկայի պատմության մեջ ամենաշատ հաջողության հասած սպեկուլյատորն է: Նա քաղաքական խոշոր նվիրատու է: Նա միլիարդներ է նվիրաբերել իր բարեգործական կառույցին՝ Բաց հասարակության հիմնադրամներին, որոնց առաքելությունն է երաշխավորել և զորեղացնել բոլոր անձանց իրավունքները և ապահովել սեփական համայնքի և պետության կյանքին մասնակից լինելու հնարավորությունը: Այդ իսկական ազդեցության մի զգալի մասը, սակայն, թաղված է անդադար հնչեցվող դավադրապաշտական տեսությունների ետևում:
Առասպել թիվ 1. Ջորջ Սորոսն օգնել է նացիստներին:
Սորոսի վերաբերյալ հորինված դավադրապաշտական տեսությունների շարքում այս մեկն ամենատգեղն է: «60 Minutes» հաղորդաշարի թողարկումներից մեկում Ստիվ Քրոֆթը 1998 թվականին հայտարարեց, թե Հոլոքոստի շրջանում Սորոսի կենդանի մնալը «շատ բարձր գնապիտակ է ունեցել», և թե «այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հրեաներ ուղարկվում էին մահվան նացիստական ճամբարներ, 13-ամյա Ջորջ Սորոսն ուղեկցում էր իր խաբեբա պապիկին, ով շրջայցեր էր կատարում և գույք էր բռնագրավում հրեաներից»: Հունիսին սոցիալական ցանցերի օգտատերերը շրջանառեցին նացիստական համազգեստ կրող մի երիտասարդ տղամարդու լուսանկար և պնդեցին, թե դա Սորոսի լուսանկարն է: Դավադրապաշտական այս տեսության սիրահարներից են նաև հումորիստ Ռոզեն Բարը, ով 2018 թվականին թվիթերում գրեց, թե Սորոսը նացիստ է եղել, ով մատնել է իր հայրենակից հրեաներին, որպեսզի վերջիններս սպանվեն:
Իրականում Սորոսը, ում հայրը՝ Տիվադարը, նախկինում փոխել էր ընտանիքի ազգանունը՝ Շվարցից դարձնելով Սորոս, որպեսզի իրենց հրեա լինելը նվազ ակնհայտ լիներ ավելի հակասեմիտական դարձող Բուդապեշտում, Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծպտվել էր որպես քրիստոնյա: Նրա հայրն անձը հաստատող փաստաթղթեր էր գնել իր ընտանիքի և այլոց համար: Եկել էր մի պահ, երբ այն մարդը, ում հետ երիտասարդ Սորոսը թաքնվում էր, գույքագրելու նպատակով հրեաներից մեկի տունն այցելելիս Սորոսին տարել էր իր հետ, սակայն Սորոսը չէր մասնակցել հրեաների ունեցվածքի բռնագրավմանը: Նույն տրամաբանությամբ, երբ Սորոսն ուսանողական տարիներին ուղարկվել էր, որպեսզի որոշ աշխատանքներ կատարի Ջուդենռաթում՝ հրեաների խորհրդում, որին նացիստները ստիպում էին մրցույթներ անցկացնել, Սորոսը հրեաների չէր հավաքագրել ճամբարներ ուղարկելու նպատակով: Սորոսն իր հուշերում այդ մասին գրում է, որ երբ իրեն տվել էին անունների ցանկ՝ հրահանգելով նրանց տեղեկացնել, որպեսզի ներկայանան կոնկրետ հասցեով, որտեղից նրանց արտաքսելու էին, հայրն իրեն ասել էր, որ նրանց չուղարկի այնտեղ:
Առասպել թիվ 2. Սորոսը գումարներ է վճարում մարդկանց բողոքի ցույցեր կազմակերպելու համար:
Սորոսը մեղադրվեց 2017 թվականին Ռումինիայում կոռուպցիայի դեմ բողոքող ցուցարարներին վճարելու մեջ: 2018 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարեց, թե Սորոսը սատարում է ակտիվիստ Օսման Կավալային, ում նախագահը մեղադրում էր Գեզի այգու 2013 թվականի բողոքի ցույցերի համար. «Նա այնքան շատ փող ունի, և ահա այսպես է նա իր փողը ծախսում», ասել էր Էրդողանը: Նույն 2018 թվականին ԱՄՆ-ի նախագահ Թրամփը պնդեց, թե Սորոսն է վճարել այն ցուցապաստառների ծախսերը, որոնք օգտագործվում էին Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Բրետ Մ. Քավանոյի նշանակման դեմ անցկացվող բողոքի ցույցերի ընթացքում: Անցած չորեքշաբթի Թրամփն հարցազրույցի ժամանակ պնդեց, թե մարդիկ ասում են, որ Սորոսը և ուրիշներն են ֆինանսավորում անտիֆա կամ անտիֆաշիստ ցուցարարներին:
Բաց հասարակության հիմնադրամներն աջակցում են հակակոռուպցիոն կազմակերպություններին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ողջ տարածքում, և իսկապես ժամանակին աջակցել էին մի խմբի, որի հետ կապ էին ունեցել Քավանոյի դեմ անցկացվող բողոքի ցույցի մասնակիցներից ոմանք: Բաց հասարակության հիմնադրամները վերջերս հայտարարեցին, որ 220 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում են կատարելու ռասայական արդարության ուղղությամբ աշխատող խմբերի գործունեության մեջ:
Մի բան է, սակայն, պնդել, թե «Ջորջ Սորոսն է վճարում բողոքի ցույցերի համար և դրանց դիրիժորն է», և մեկ այլ բան է՝ ասել, որ «Ջորջ Սորոսի բարեգործական հիմնադրամն աջակցում է այն խմբերին, որոնցում աշխատում են մարդիկ, ովքեր նույնպես մասնակցում են բողոքի ցույցերին»: Աշխարհում հաստատ կան մարդիկ, ովքեր մասնակցում են բողոքի տարբեր ցույցերի և աշխատում են այնպիսի կազմակերպություններում, որոնք դրամաշնորհներ են ստանում Բաց հասարակության հիմնադրամներից, սակայն նրանք չեն վճարվում, որպեսզի բողոքի ցույցերի մասնակցեն: Նման պնդումները չափազանց մեծ ազդեցություն են վերագրում Սորոսին, ամրապնդում են հակասեմիտական այն տեսությունը, թե հրեաներն են կայացնում հասարակությանը վերաբերող որոշումները, և իրավաչափ դժգոհությունների, մասնավորապես՝ կոռուպցիայի և ոստիկանության դաժանության հետ կապված դժգոհությունների պատճառով փողոցներում հայտնված ցուցարարներին զրկում են իրավասուբյեկտությունից:
Առասպել թիվ 3. Սորոսն իրականում հրեա չէ:
«Ես ավելի շատ եմ հրեա, քան՝ Սորոսը… Նա Իսրայելին չի սատարում, նա Իսրայելի թշնամի է», 2019 թվականին հայտարարեց Ռուդոլֆ Վ. Ջուլիանին, ով հրեա չէ: Երբ Սորոսին նվիրված գրքիս համար հարցազրույց վերցրեցի Հունգարիայի կառավարության խոսնակ Զոլտան Կովաչից, նա ասաց, որ հունգարացիները Սորոսին ընկալում են ոչ թե որպես հրեա, այլ՝ որպես գլոբալիստ: «Բավական է միայն ուսումնասիրել նրա դիրքորոշումները, նրա հարաբերություններն Իսրայելի հետ», ասաց Կովաչն ինձ հետ հարցազրույցի ընթացքում:
1991 թվականին Սորոսն իր գրքում գրել էր հետևյալը. «Իմ հրեականությունը չի դրսևորվել այն ցեղապաշտ հավատարմության իմաստով, որն ինձ կդրդեր սատարել Իսրայելին: Ընդհակառակը, ես հպարտացել եմ փոքրամասնության ներկայացուցիչ լինելուս փաստով, հպարտացել եմ, որ դրսից եկած մեկն եմ, ով կարողացել է տեսնել ուրիշի տեսակետը»: Ուստի, Սորոսի բարեգործական օժանդակությունը ուղղված չի եղել հատկապես հրեա ժողովրդին կամ Իսրայելին. ավելին, նա հաճախ է օժանդակություն ցուցաբերել այնպիսի կազմակերպությունների, ինչպիսին է «Հյուման Րայթս Վոթչ» (անգլ.՝ «Human Rights Watch») կազմակերպությունը, որոնք քննադատում են մարդու իրավունքների հարցում Իսրայելի գործելակերպը և պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի վերաբերմունքը:
Դա, սակայն, չի նշանակում, թե Սորոսն ինչ-որ առումով հրեա չէ: «Ես հրեա լինելուս պատճառով 14 տարեկանում կանգնած էի բնաջնջման վտանգի առաջ», մի անգամ ասել է նա: «Դա Ձեր համար բավականաչափ համոզիչ չէ՞»: Սորոսը տարիների ընթացքում նշել է իր «հրեականության» մասին և խոսել այն հարցի շուրջ, թե ինչ է իր համար նշանակում հրեական ինքնությունը: Եթե նա հրեա լինելն համարում է ժառանգության և մշակույթի հանգամանք, այլ ոչ՝ կրոնի, ապա նա նույն կերպ է մտածում, ինչ ամերիկահրեաների 62 տոկոսը՝ հիմք ընդունելով «Pew»-ի 2013 թվականի ուսումնասիրության տվյալները:
Առասպել թիվ 4. Սորոսը միայնակ թալանեց Անգլիայի կենտրոնական բանկը:
«Անգլիայի կենտրոնական բանկը թալանելու» գործում Սորոսի ունեցած բուն դերակատարումը բանավեճի առարկա է արդեն մոտ 30 տարի: Այնուամենայնիվ, այն միտքը, թե միայն նա է պատասխանատու եղել 1992 թվականի հայտնի միջադեպի համար, երբ Սորոսի «Քվանտում» ֆոնդը մեծ գումար վաստակեց բրիտանական ֆունտ ստեռլինգի գործառնություններից, որի հետևանքով Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրոպայի փոխարժեքի մեխանիզմից, և ուրեմն՝ «թալանեց» երկրի կենտրոնական բանկը, քննադատությունից զուրկ ձևակերպումներով կրկնվել է տարբեր աղբյուրներում, այդ թվում՝ «Forbes»-ում և «Investopedia»-ում:
Իրականում Եվրոպայի փոխարժեքի մեխանիզմի (որը կարելի է եվրոյի նախատիպն համարել, քանի որ այդ մեխանիզմի շրջանակում յուրաքանչյուր արժույթ կարող էր ավելի ուժեղ կամ ավելի թույլ դառնալ) կազմում Մեծ Բրիտանիայի զբաղեցրած դիրքը ըստ էության հնարավոր չէր պահպանել՝ հաշվի առնելով իրադարձությանը նախորդած երկու տարիների տնտեսական իրավիճակը Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում: Սորոսը և իր գործընկերները գիտեին, որ ֆունտ ստեռլինգի գինը որոշակի սահմանից վերև չի կարող բարձրանալ, ուստի՝ նախապես մեծ ծավալ վաճառելու դեպքում իրենց կորուստը չէր գերազանցի որոշակի սահմանը: Եթե իրենց այդ հաշվարկը ճիշտ լիներ, ապա հնարավոր չէր իմանալ, թե որքան կարող է արժեզրկվել ֆունտ ստեռլինգը:
Նրանք իրավացի էին, և վերջում բրիտանական ֆունտ ստեռլինգը կտրուկ անկում ապրեց՝ դուրս մնալով Եվրոպայի փոխարժեքի մեխանիզմից: Սորոսն արժույթի առք ու վաճառքով զբաղվողներից միակը չէր, ով ֆունտ ստեռլինգի վրա «խաղադրույք» չէր կատարել, սակայն Սորոսի ֆոնդը միակն է, որը հաշվարկային տվյալներով 1 միլիարդ ԱՄՆ դոլարի շահույթ վաստակեց: Որևէ բանկ չի թալանվել: Ոմանք ասում են, թե «սև չորեքշաբթուն» հաջորդեց «սպիտակ չորեքշաբթին», քանի որ Մեծ Բրիտանիան շարունակեց բարելավել իր տնտեսության վիճակը, իսկ Սորոսը և իր գործընկերներն իրապես լուրջ դերակատարում ունեցան Եվրոպայի փոխարժեքի մեխանիզմից ֆունտ ստեռլինգի դուրս մղման գործում:
Առասպել թիվ 5. Սորոսը կործանարար հեղափոխության սցենար է մշակում Ամերիկայում:
Գունավոր հեղափոխությունները բողոքի ցույցերի շարքեր էին, որոնց արդյունքում 2000-ականների սկզբներին նոր կառավարություններ իշխանության եկան Արևելյան Եվրոպայում: Սորոսը դավադրապաշտական տեսությունների հեղինակների և հիմնական հոսանքից դուրս մնացած կայքէջերի կողմից մեղադրվել է արտերկրի հեղափոխությունների շարժիչ ուժը լինելու և անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հեղափոխություն կազմակերպելու փորձ կատարելու մեջ: Երբ Սորոսն աջակցություն հայտնեց Ֆիլադելֆիայի շրջանային դատախազ Լերի Քրասների նախընտրական քարոզարշավին, Թաքեր Կարլսոնն հայտարարեց, թե առաջադիմական կողմնորոշում ունեցող և շրջանային դատախազ աշխատած թեկնածուներին Սորոսի աջակցությունն հավասարազոր է ամերիկյան ժողովրդավարությունն «առևանգելու» և «սրբագրելու»: Այս տարվա սկզբներին «Washington Times»-ում տպագրվեց հոդված հետևյալ վերնագրով. «89-ամյա Ջորջ Սորոսը շարունակում է Ամերիկայի կործանման արշավը»:
Սորոսը պարզապես խոշոր քաղաքական նվիրատու է, ով դաշտ մուտք գործեց 2004 թվականին, երբ 27 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերեց նախագահ Ջորջ Բուշ Կրտսերին դուրս մղելու փորձեր կատարող խմբերին: Նա աջակցել է նաև առաջադիմական կողմնորոշում ունեցող և շրջանային դատախազ աշխատած թեկնածուների: Նա միլիոնավոր դոլարներ է ուղղում Թրամփին պարտության մատնելու գործին: Բայց մի բան է քաղաքական հանգանակություններ կատարելը, ինչն անում են բազմաթիվ հարուստ մարդիկ, և մի այլ բան է հեղափոխության սցենար մշակելը: «Արձագանքող քաղաքականության կենտրոն» (անգլ.՝ «Center for Responsive Politics») կազմակերպության տվյալներով՝ 2020 թվականի ընտրական շրջափուլում կատարվող անհատական հանգանակությունների ամենամեծ նվիրատուների ցանկում երրորդը «Mellon Bank» բանկի հիմնադրի ծոռ Թիմոթի Մելոնն է: Սակայն, չգիտես ինչու՝ Մելոնի հեղափոխության առասպելի մասին ոչ ոք չի խոսում: