2018 թվականի հեղափոխության արդյունքում ձևավորված կարևորագույն ակնկալիքներից է նոր բովանդակության և որակի պետական կառավարման համակարգի կազմավորումը, ինչն անխուսափելիորեն պահանջում է հանրային ծառայողին ներկայացվող չափանիշների վերանայում և վերաիմաստավորում։
Այս հարցը ներկայում արդիական է դատական իշխանության ձևավորման ու կատարելագործման համատեքստում, քանզի վերջինիս նկատմամբ հանրային վստահությունը նախահեղափոխական ժամանակահատվածում, ինչպես և՝ ներկայում, խիստ ցածր է։ Դատարանների կոռումպացվածությունը, քաղաքական էլիտայի շահերին սպասարկումը, քրեաօլիգարխիկ խմբավորումներին չվնասելու ձգտումն այլևս անընդունելի են հետհեղափոխական Հայաստանում։ Այժմ օրակարգային է դատական համակարգը զտելու և մաքրելու քաղաքականության ամրագրումը և դրա անկախության իրավական ու փաստական երաշխիքների ապահովումը։
Դատական համակարգում բացահայտված խնդիրները լուծելու գործընթացում կարևորագույն դերակատարում ունի դատավորների բարեվարքության ստուգումը։ Այս գործառույթն իրականացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ ԿԿՀ) կողմից՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի, «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Դատական օրենսգիրք) և այլ իրավական ակտերի կարգավորումների համաձայն։ Բարեվարքության ստուգման նախատեսված շրջանակները ներառում են թեկնածուների կոռուպցիոն կենսակերպի և վարքագծի ուսումնասիրությունն ու հետազոտումը՝ ԿԿՀ-ին ընձեռված իրավական գործիքակազմի օգտագործմամբ։
Դատավորների թեկնածուների ընտրության գործընթացում պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, դատավորի կոչմանը և արդարադատության իրականացմանն առավելապես համապատասխանող թեկնածուների ընտրության գործում չափազանց կարևոր է թեկնածուների հավակնորդների մասնագիտական և բարեվարքության պահանջներով զտման ճիշտ փուլային հաջորդականության սահմանումը: Այս խնդիրը հատկապես ակնառու է ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման կապակցությամբ ներկայումս հանրության շրջանում ծավալված բուռն քննարկումների ֆոնին։
Պետք է արձանագրել, որ տարբեր երկրներում թեկնածուների հավակնորդների ստուգման փուլային հաջորդականությունը տարբեր է, ինչը կարող է պայմանավորված լինել այդ երկրների դատական համակարգերում առկա խնդիրներով, հասարակության շրջանում դատավորի կերպարի նկատմամբ վստահությամբ, պետության նյութական հնարավորություններով և այլ հանգամանքներով։
Հայաստանում դատավորների նշանակման իրավական գործընթացն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխում, Դատական օրենսգրքում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում։ Բացառությամբ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների և բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ ԲԴԽ) անդամներից, մյուս դատավորների նշանակման գործընթացն իրականացվում է Դատական օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն՝ հետևյալ փուլերով․
- հայտի ներկայացում և ստուգում,
- գրավոր քննություն,
- հարցազրույցի անցկացում։
Առաջին փուլում՝ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվել ցանկացող անձը Դատական օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ է ներկայացնում հայտ և դրան կից փաստաթղթեր, որոնց շարքում՝ նաև ԲԴԽ-ի սահմանած ձևով համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, հավակնորդներին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ, այդ թվում՝ բժշկական գաղտնիք հանդիսացող և այլ տեղեկություններ ստանալու մասին, ինչպես նաև բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ։ Դատական օրենսգրքի 99-րդ հոդվածի համաձայն՝ դատական դեպարտամենտը ստուգում է հայտի և կից փաստաթղթերի, բացառությամբ՝ բարեվարքության հարցաթերթիկի, լիարժեքությունն ու սահմանված պահանջներին համապատասխանությունը, այդ թվում՝ գրավոր հարցումների միջոցով։
Երկրորդ փուլում նախատեսվում է դատավորների թեկնածուների հավակնորդների մասնագիտական գիտելիքների ստուգում՝ դատական դեպարտամենտի և ԲԴԽ կողմից դատավորների թեկնածուների հավակնորդների համար գրավոր քննություն կազմակերպելու և անցկացնելու միջոցով։
Երրորդ փուլում՝ Դատական օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետի համաձայն՝ Դատական դեպարտամենտը գրավոր քննության փուլը հաղթահարած դատավորի թեկնածուների միասնական ցուցակը՝ հարցազրույցի անցկացումը նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ԲԴԽ ներկայացնելու հետ միաժամանակ ԿԿՀ է ներկայացնում գրավոր քննության փուլը հաղթահարած թեկնածուների ցուցակում ներառված հավակնորդների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկները՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու համար։
Ինչպես երևում է օրենսդրական կարգավորումներից, դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության ստուգումն իրականացվում է ընտրության գործընթացի վերջին փուլում՝ գրավոր քննությունը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների համար։ Փաստորեն՝ ընդհանուր իրավասության և մասնագիտական դատարանների պարագայում պետությունը ծախսում է հսկայական ռեսուրսներ թեկնածուների մասնագիտական գիտելիքները գրավոր քննության եղանակով ստուգելու համար, մինչդեռ հետո կարող է պարզվել, որ թեկնածուն ունի խնդիրներ բարեվարքության հետ։
Թեև ընտրության գործընթացը տարբեր է, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների և ԲԴԽ անդամների թեկնածուների պարագայում նրանց բարեվարքության ստուգումը ևս նախատեսվում է ուշ փուլերում։ Մասնավորապես՝ ՀՀ սահմանադրության 174-րդ, 213-րդ հոդվածների համաձայն, ինչպես նաև Դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների և ԲԴԽ՝ դատավոր չհանդիսացող 5 անդամների ընտրությունն իրականացվում է Ազգային ժողովի միջոցով, իսկ թեկնածուներին առաջադրում են ՀՀ նախագահը, կառավարությունը, Ազգային ժողովը ։ Այս թեկնածուները չեն անցնում գրավոր քննության փուլով, և նրանց բարեվարքության ստուգումը ԿԿՀ կողմից սկսվում է պաշտոնական առաջադրումից հետո՝ մինչև Ազգային ժողովի կողմից ընտրության գործընթացը։ ԲԴԽ՝ դատավոր հանդիսացող անդամներն ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից դատական դեպարտամենտի կողմից կազմված՝ առաջին, վերաքննիչ և վճռաբեկ ատյանի դատարանները ներկայացնող և ԲԴԽ անդամին ներկայացվող պահանջները բավարարող դատավորներից։ Վերջիններիս բարեվարքությունը ստուգվում է ԿԿՀ կողմից մինչև դատավորների ընդհանուր ժողովի նիստը։ Այս դեպքում ևս պետք է արձանագրել, որ առավել նպատակահարմար է դատական դեպարտամենտի կողմից ԲԴԽ դատավոր հանդիսացող անդամի թեկնածուների ցուցակները կազմել ԿԿՀ կողմից բարեվարքության ստուգումից հետո, որի պարագայում նախապես կստուգվի թեկնածուների բարեվարքությունը, այնուհետ՝ կքննարկվի ԿԿՀ եզրակացությամբ բարձրացված հարցերը, ինչից հետո դատավորների ընդհանուր ժողովը ձեռնամուխ կլինի ընտրության գործընթացին։ Հատկապես ներկայումս առաջարկվող տարբերակը չափազանց կարևոր գործընթաց է, քանի որ ԲԴԽ դատավոր հանդիսացող անդամների թեկնածուների բարեվարքության ստուգումը նշանակում է ստուգել գործող դատավորների բարեվարքությունը։
Ի լրումն վերոնշյալ հանգամանքների պետք է նկատել, որ բարեվարքության ստուգման գործընթացում օրենսդրությունը ԿԿՀ-ին հնարավորություն չի տալիս թեկնածուներից ստանալ պարզաբանում՝ ինչպե՛ս գրավոր, այնպե՛ս էլ՝ առերես շփման միջոցով, ինչի արդյունքում ԿԿՀ եզրակացության ամբողջականությունն ու օբյեկտիվությունը համապարփակ ձևով չի ապահովվում։ Կարծում ենք, որ դա լրջագույն բաց է՝ հատկապես դատավորների պարագայում, քանի որ հենց բարեվարքության գործոնն ու դրա ընկալումն են հանրության շրջանում դատական իշխանության նկատմամբ վստահության ցածր աստիճանի հիմնական պատճառները։
Վերը նկարագրված խնդիրների հաղթահարման նպատակով առաջարկում ենք․
- դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության ստուգումն իրականացնել փաստաթղթերի ստուգման փուլից հետո՝ որպես ներկայացվող պահանջներին համապատասխանության գործոն։ Դատական օրենսգրքի 98-րդ հոդվածում նշված հայտին կից փաստաթղթերը ստուգելու գործընթացին զուգահեռ հարկավոր է 13.1 կետով նախատեսված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկն անմիջապես ուղարկել ԿԿՀ՝ խորհրդատվական եզրակացության համար։ Անհրաժեշտ է բարեվարքության ստուգման գործընթացը՝ ուղղորդող չափանիշների հստակեցմամբ նախատեսել թեկնածուների ներկայացվող պահանջների ստուգման առաջին փուլում, իսկ դրանց չբավարարելու դեպքում բացառել այդ թեկնածուների հավակնորդների մասնակցությունը հետագա գործընթացին․
- ՀՀ սահմանադրական դատարանի և ԲԴԽ դեպքում նախատեսել մեխանիզմ՝ առաջադրող կառույցների կողմից մինչև առաջադրումը ստանալու թեկնածուների բարեվարքության վերաբերյալ ԿԿՀ եզրակացությունը։ Ցանկալի է, որ առաջադրման բոլոր գործընթացները լինեն մրցակցային՝ երաշխավորելու առավել մեծ թվով կոմպետենտ թեկնածուների բացահայտումը և նրանց թեկնածությունների դիտարկումը, իսկ ԿԿՀ բացասական եզրակացության պարագայում՝ փոխարինող թեկնածուների ցանկի առկայությունը․
- ԿԿՀ մասին օրենքի 26.1 կետում կատարել լրացում, համաձայն որի՝ ԿԿՀ-ին ընձեռել ԲԴԽ անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության ստուգման գործընթացում վերջիններից պարզաբանումներ ստանալու իրավունք․
- ՀՀ դատական համակարգում բոլոր դատավորների թեկնածուների, ԲԴԽ անդամների ընտրության գործընթացները դարձնել առավել թափանցիկ՝ թեկնածուների ցուցակների` հանրային առավել մեծ ընդգրկում ապահովող աղբյուրներով հրապարակման, գրավոր քննության և հարցազրույցների գործընթացներն ուղիղ հեռարձակելու եղանակով։
Դատավորների, ինչպես նաև հանրային մյուս ծառայողների բարեվարքության ստուգման գործընթացի կենսունակությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շտկել ոլորտի իրավակարգավորումներում առկա թերություններն ու բացթողումները՝ արդյունավետ իրավական գործիքակազմի ներդրմամբ և շարունակական կատարելագործմամբ։ Վերոնշյալի վերաբերյալ ուսումնասիրության և հետազոտության արդյունքում առաջիկայում կներկայացվեն առաջարկներ՝ ինչպես օրենսդրական փոփոխությունների, այնպես էլ չափորոշիչների հստակեցման և ներդրման վերաբերյալ։
Անհրաժեշտ է նաև արագացնել ԿԿՀ աշխատակազմի համալրման գործընթացը՝ երաշխավորելու տվյալ կառույցի կողմից իր վրա դրված ծավալուն լիազորությունների պատշաճ իրականացումը:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ