Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը և Վրաստանում ու Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը մարտի 11-ին Երևանում ազդարարել են «ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը` հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագիրն իրականացնում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը՝ Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ:
Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները և զարգացումները ստեղծել են բարենպաստ միջավայր՝ երկրի փոխակերպմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու համար: Այս առումով, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը լայնածավալ ու համակարգային բարեփոխումների առաջին օրակարգն է, եզակի հնարավորություն է՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական առաջխաղացմանը: Այս համաձայնագիրն ինստիտուցիոնալ նոր մակարդակի է բարձրացնում քաղաքացիական հասարակության մասնակցությունը համաձայնագրի իրականացումը վերահսկելու գործում:
ԲՀՀ Հայաստանի կողմից իրականացվող երկամյա ծրագրի նպատակն է նպաստել Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ պատշաճ իրականացմանը՝ քաղաքացիական հասարակության հավաքական մշտադիտարկման և ջատագովության միջոցով: Մշտադիտարկման ենթակա ոլորտներն են մարդու իրավունքները, դատաիրավական բարեփոխումները, ընտրական օրենսգրքի բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկ ու հաշվետու կառավարումը և մի շարք այլ բնագավառներ:
Համաձայնագրի իրականացման ազդեցությունը մեծապես կախված է բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակից և փոփոխության հանրային պահանջից: Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն հանրային քննարկումներ համաձայնագրով նախատեսված բարեփոխումների օրակարգի շուրջ: Ծրագիրը խթանելու է նաև երկխոսությունը Հայաստանի կառավարության, Եվրամիության և քաղաքացիական հասարակության միջև:
«Քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավածությունը կարևոր է ՀԸԳՀ հաջող իրականացման համար: Ես ողջունում եմ բարեփոխումների հավաքական մշտադիտարկումն ու ջատագովությունը, ինչպես նաև Հայաստանի կառավարության, Եվրոպական միության և քաղաքացիական հասարակության միջև քաղաքականության դիսկուրսի խթանումը: Հավատացած եմ, որ այս ծրագիրը, որն իրականացնում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը՝ Վրաստանում ու Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, մեծապես նպաստելու է այդ գործընթացին», – ծրագրի մեկնարկին նվիրված ուղերձում նշել է Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մաայե վան Կոլդամը:
Ծրագրի ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մշակել են համաձայնագրի մշտադիտարկման ճանապարհային քարտեզ: Բացի այդ, Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կուսումնասիրեն Վրաստանի գործընկերների՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի մշտադիտարկման փորձը:
«ՀԸԳՀ նշանակությունը հեղափոխությունից հետո կտրուկ մեծացել է: Այլևս վախ չկա, որ այն կարող է մանիպուլացվել, ինչպես դա արվել է հեղափոխությունից առաջ բազմաթիվ բարեփոխումների պարագայում: Այժմ համաձայնագիրը կարող է ծառայել որպես ճանապարհային քարտեզ՝ երկրի ժողովրդավարական, համապարփակ ու համակարգային վերափոխման համար: Քաղաքացիական հասարակության դերը, և՛ որպես համաձայնագրի պատշաճ իրականացումը վերահսկողի, և՛ որպես հանրային քաղաքականությունն աջակցող ներուժի, որը պետք է սատարի բարեփոխումների խորքային ու համապարփակ լինելը, անփոխարինելի է ՀԸԳՀ իրականացման գործում: Մեր ծրագիրն ուղղված է հենց այս երկու նպատակներին»,- ասել է ԲՀՀ Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:
Բարեփոխումների մշտադիտարկումն իրականացնող գործընկեր կազմակերպություններն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ, Խտրականության դեմ պայքարի ու հավասարության կոալիցիան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ, Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան:
«Թավշյա հեղափոխությամբ սկզբնավորված ժողովրդավարական և իրավական պետության վերականգնման նպատակով համակարգային և արմատական բարեփոխումների ուղղությամբ իշխանությունների քաղաքական կամքի արտահայտումը կհանդիսանա ՀՀ-ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված խնդիրների լուծումը», – իր խոսքում նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Ծրագրի արդյունքները կներկայացվեն և՛ Հայաստանի կառավարությանը, և՛ ԵՄ-ին՝ խթանելու քաղաքականության մշակման շուրջ դիսկուրսը և նպաստելու բարեփոխումների իրականացմանը: