Հետհեղափոխական Հայաստանի արդարադատության համակարգի վերափոխման խնդիրները քննարկվել են Երևանում

Արդարադատության համակարգի վերափոխման հիմնախնդիրները քննարկվել են Երևանում սեպտեմբերի 6-ին՝ Հայաստանի արդարադատության նախարարության, ՀՀ գլխավոր դատախազության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների լայն խմբի մասնակցությամբ: «Հետհեղափոխական Հայաստան. արդարադատության համակարգի վերափոխման խնդիրները» խորագրով հանրային քննարկումը կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է Հայաստանի քաղաքացիական հասարակության ավելի քան 60 կազմակերպություն:

Քննարկման բանախոսներն էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, արդարադատության նախարարության ռազմավարական պլանավորման և էլեկտրոնային արդարադատության վարչության պետ Գոհար Հակոբյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Մհեր Մկրտչյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը նշել է, որ սա դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությանը վերաբերող առաջին հանրային քննարկումն է: «Նախկինում կար արդեն e-draft հարթակում տեղադրված դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը, որը շատ է տարբերվում ներկայիս հրապարակված նախագծից: Կարելի է ասել, որ ռազմավարության տեքստն ամբողջությամբ փոփոխության է ենթարկվել. դրանում ներառվել են  ռազմավարական ուղղություններ և նպատակներ, որոնք նախկինում չկային»,- ասել է Աննա Վարդապետյանը: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել քաղաքացիական հասարակության գործընկերներին՝ ռազմավարության նախագծի մշակմանն աջակցելու համար և ակնկալել կառուցողական առաջարկներ:

«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ընդգծել է, որ ապրիլյան հեղափոխության ժամանակ մարդկանց բողոքն ուղղված էր երկրում տիրող անարդարության ու անպատժելիության դեմ:  Ոչ թե աղքատությունը, գործազրկությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, այլ արդարության պահանջն էր հեղափոխության գլխավոր շարժիչ ուժը: Ըստ Մինասյանի, արդարության պահանջը բնորոշ չէ շատ հեղափոխություններին, մինչդեռ միայն արդարության և օրենքի գերակայության վերականգնմամբ  կարելի է լուծել մյուս բոլոր խնդիրները:

Նրա խոսքով, արդարության հսկայական դեֆիցիտը և համակարգային անպատժելիության մթնոլորտը եղել են նախորդ իշխանության կողմից ռեսուրսների ու ուժի կոնսոլիդացման  ուղղակի արդյունքն ու գործիքը, ինչը հանգեցրել է պետության զավթմանը: Այդ զավթումը արտահայտվել է այնպիսի իրավական մեխանիզմների ու լծակների օրինականացմամբ, որոնք թույլ են տվել ընտրությունների կեղծում, ռեսուրսների վերահսկում և այդ ռեսուսրների մատչելիության սահմանափակում:

Լարիսա Մինասյանի համոզմամբ, պետությունը զավթումից ազատագրելու համար հեղափոխությունից հետո առաջին քայլը, որն արվեց, այդ լծակները վերահսկող ռեժիմից ազատվելն էր, ինչը անհրաժեշտ էր, բայց ոչ բավարար: Այն օրենքները, որոնք մշակվել էին նպաստելու ու երաշխավորելու պետության զավթումը, պետք է վերանայվեն, որպեսզի բխեն օրենքից ու իրավունքից, իսկ պետության զավթման իրողությունը պետք է ճանաչվի և քաղաքական մակարդակով դատապարտվի:

Այս տեսանկյունից, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրենը ողջունեց ներկայացված դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը, նշելով, որ, ի տարբերություն նախորդ փաստաթղթերում ամրագրված մոտեցումներին, ներկայիս ռազմավարության փիլիսոփայությունը կարող է մեկնարկ տալ զավթումից պետության ազատագրմանը:

Արդարադատության նախարարության ռազմավարական պլանավորման և էլեկտրոնային արդարադատության վարչության պետ Գոհար Հակոբյանը նշել է, որ 2019-2023 թթ.  ռազմավարությունը մշակելիս նախարարությունը հաշվի է առել նախորդ ռազմավարության վերաբերյալ քննադատությունները ու առաջարկությունները, որոնք արվել են թե տեղացի, թե միջազգային փորձագետների կողմից: Առաջնահերթ բարեփոխումների շարքում արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշել է անցումային արդարադատության գործիքակազմի ներդրումը, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումները:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, խոսելով դատական համակարգի փոփոխության առաջնահերթությունների մասին, նշել է, որ դատաիրավական խնդիրների լուծումը ենթադրում է բացառիկ անկախ դատական իշխանության և անկախ  դատավորի կողմից արդարադատության իրականացման անհրաժեշտություն: «Գործող դատական իշխանությունն այլևս լուրջ վտանգ է ներկայացնում իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքների ապահովման համար: Իրավունքի գերակայության սկզբունքն առանց արդարադատության իրականացման անհնար է պատկերացնել»,- նշել է Արթուր Սաքունցը: Նրա խոսքով, Թավշյա հեղափոխությունից հետո կա եզակի հնարավորություն արմատապես փոխել դատաիրավական համակարգը, և առկա խնդիրների լուծումը հետաձգելը հղի է լուրջ մարտահրավերներով:

Քննարկման բանախոս, ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Մհեր Մկրտչյանը ներկայացրել է գործողություններ, որոնք իրականացվելու են դատախազությունում ընթացող դատաիրավական բարեփոխումների շրջանակում: Մասնավորապես, նախատեսվում է Քրեական օրենսգրքի առանձին հավելվածով ներկայացնել կոռուպցիոն հանցագործությունների ցանկը, ինչպես նաև բարձրացնել դատախազների մասնագիտացումը, որոնք զբաղվում են կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ վերահսկողության իրականացմամբ: Մհեր Մկրտչյանը նկատել է, որ վերջին ամիսներին էականորեն ավելացել է քննվող քրեական գործերի քանակը, ինչն անդրադառնում է դատախազների ծանրաբեռնվածության վրա:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի դիտարկմամբ, պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն պայքարի գործողությունները և միջոցառումները պետք է լինեն թափանցիկ, հաշվետվողական, ինչպես օրինակ` ակտիվների վերադարձի ինստիտուտի դեպքում: Նրա խոսքով, հակակոռուպցիոն պայքարում իրավակարգավորումները պետք է լինեն հստակ և կայուն, և հնարավորություն չտան պաշտոնյաներին չարաշահել իրենց հայեցողական լիազորությունները, ինչպես օրինակ` ենթաօրենսդրական ակտերի դեպքում, երբ ըստ ցանկության են դրանք հրապարակվում օրենքի ուժով: Հայկ Մարտիրոսյանը դրական է գնահատել հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումը ըստ պետության կողմից ներկայացված հակակոռուպցիոն քաղաքականության և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունների: Նա ընդգծել է, որ հակակոռուպցիոն պայքարի մարմինները պետք է լինեն հաշվետվողական, գործունեության մեջ թափանցիկ, իսկ ամբողջության մեջ` հակակշիռներով կարգավորված:

Այս քննարկումը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից Հայաստանում 2018թ. խորհրդարանական ընտրություններից հետո կազմակերպված երկրորդ հանրային քննարկումն է հետհեղափոխական Հայաստանի համակարգային խնդիրների վերաբերյալ: Այս շարքի առաջին քննարկումը տեղի էր ունեցել ապրիլի 2-ին՝ «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների համակարգային լուծումներ» խորագրով: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից այս ձևաչափով կազմակերպվող հանրային քննարկումները լինելու են շարունակական և անդրադառնալու են տարբեր ոլորտների համակարգային խնդիրներին: