ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԼՍՈՒՄՆԵՐ

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԼՍՈՒՄՆԵՐ» խորագրով հանրային միջոցառմանը, որը տեղի կունենա ս. թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-15:00 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում: Հանրային միջոցառմանը հրավիրված են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները:

Քաղաքացիական հասարակությունը կազմակերպում է հանրային այս բանավեճը՝ ծանոթանալու կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ծրագրային դրույթներին՝ ուղղված կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին: Առանձնացվել են կոնկրետ խնդիրներ, որոնց վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումները կօգնեն հասարակությանն, ընդհանրապես, և ընտրողին, մասնավորապես, ձևավորել կարծիք կոռուպցիայի դեմ պայքարի կուսակցությունների ծրագրային դրույթների վերաբերյալ: Հանդիպումը նպատակ ունի քննարկում  ծավալել այդ խնդիրների շուրջ՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև, միաժամանակ, հնարավորություն ընձեռելով հասարակությանը բարձրացնել հարցեր, որոնք տեղ կգտնեն նոր Խորհրդարանի ներկայացուցիչների օրակարգում:

Բանավեճը կընթանա ըստ նախօրոք մշակված կանոնների, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ապահովել հավասարության սկզբունքը բոլոր մասնակիցների համար: Կարծում ենք, որ բանավեճի կանոններին հետևելը քաղաքակիրթ մշակույթ կթելադրի մեր հասարակության շրջանում բանավեճի և մտքերի փոխանակման շուրջ։

Հանրային միջոցառմանը որպես հյուրեր հրավիրված կլինեն փորձագետներ, քաղաքացիական հասարակության կառույցների, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ նպատակ ունենալով քննարկումը դարձնել հնարավորինս ընդգրկուն և մասնակցային: Քննարկումը հեռարձակվելու է ուղիղ եթերով առցանց հարթակներում:

Կից ներկայացնում ենք այս քննարկման նախնական օրակարգը: Ժեստերի լեզվով և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:

Հարգանքներով`
Լևոն Բարսեղյան, խորհրդի նախագահ, «Ասպարեզ» լրագրողական ակումբ
Սոնա Այվազյան, գործադիր տնօրեն, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
Արթուր Սաքունց, նախագահ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Լարիսա Մինասյան, գործադիր տնօրեն, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան