«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «Քաղաքացիական հասարակության օրակարգը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ» խորագրով հանրային քննարկմանը Վանաձորում:
Վանաձորում հանդիպումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 22-ին, հինգշաբթի, ժամը՝ 19:30-ին Ջազ սրճարանում (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 34/բ):
Այս հանդիպումների շարքը, որը տեղի է ունենում Երևանում և մարզերում, նպատակ ունի նոր իրավիճակում նոր օրակարգ ձևակերպել և հանրությանը ներկայացնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, խտրականության, արդար դատաքննության, արդյունավետ և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիրքորոշումները, ինչպես նաև քննարկում ծավալել այս խնդիրների շուրջ՝ քաղաքացիական հասարակության կառույցների և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների/ուժերի միջև:
Սա հանդիպումների շարք է, երբ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հյուրընկալում է անկախ փորձագետների, քաղաքացիական հասարակության կառույցների, քաղաքական կուսակցությունների, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով քննարկումները դարձնել հնարավորինս ընդգրկուն և մասնակցային:
Այս հանրային միջոցառումները տեղի կունենան ս/թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Քննարկումները բաց կլինեն հանրության լայն շրջանակների և լրատվամիջոցների համար:
Կից ներկայացնում ենք Վանաձորում տեղի ունենալիք հանդիպման նախնական օրակարգը:
Հետագա միջոցառումների օրակարգերը կստանաք հաջորդիվ:
Հարգանքով`
Լարիսա Մինասյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, գործադիր տնօրեն