«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, կազմակերպում է «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ» խորագրով հանրային քննարկումների շարք: Շարքը նպատակ ունի նոր իրավիճակում ձևավորելու նոր օրակարգ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, արդար դատաքննության, արդյունավետ և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ:
Այս հանդիպումների ընթացքում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հյուրընկալում է պետական մարմինների ներկայացուցիչների, անկախ փորձագետների, քաղաքացիական հասարակության կառույցների, քաղաքական կուսակցությունների, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով քննարկում ծավալել հանրային նշանակություն ունեցող հրատապ և կարևորագույն հարցերի շուրջ: Քննարկումները բաց են հանրության լայն շրջանակների և լրատվամիջոցների համար: Ժեստերի լեզվով և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
Սույն թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը` 11:00-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք. Երևան, Իտալիայի փ. 1) կայացավ հանրային քննարկում՝ նվիրված ռազմավարական դատավարության դերին արդարադատության համակարգի բարեփոխման համատեքստում։ Հանդիպման ուղիղ եթերով հեռարձակումը կարող եք տեսնել այստեղ, իսկ օրակարգը՝ այստեղ: