Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում


Հանրային քննարկում
20 փետրվար, ժամը` 11:30-ին
Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահ
ք.Երևան, Իտալիայի փ. 1

Սույն թվականի փետրվարի 20-ին կայացավ հանրային քննարկում խորհրդարանական կառավարման համակարգում իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի շուրջ, որը կազմակերպել էր Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան կազմակերպության Արդարադատության խումբը: Քննարկման բանախոսներն էին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, փաստաբան Հայկ Ալումյանը, փորձագետ Դավիթ Խաչատուրյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, փաստաբան Կարեն Թումանյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը ու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Քննարկումը վարում էր «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանը: Միջոցառմանը ներկա էին մի շարք պետական մարմինների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Քննարկման ամբողջական տեսագրությունը կարող եք տեսնել այստեղ:

Բանախոսները ներկայացրեցին  վերջին շրջանում մշակված կարևորագույն օրենսդրական փոփոխությունների իրենց կողմից կատարված վերլուծությունը և հայտնեցին իրենց մտահոգությունները մի շարք կարգավորումների առթիվ: Առաջին երկու ելույթները, մասնավորապես, կենտրոնացան 2014թ.-ին հայտարարված սահմանադրական փոփոխությունները հիմնավորող հայեցակարգի դրույթների և այսօրվա սահմանադրության համեմատության վրա՝ ցույց տալով նախկինում խոստացված կարգի ու առաջարկվող օրենքների միջև առկա տարբերությանը: Այս տարբերություններն ակնհայտորեն հակասում են դասական խորհրդարանական կառավարման մոդելին, որոնց շարքում Ավետիք Իշխանյանը հատկապես կանգ առավ կայուն խորհրդարանական մեծամասնություն ապահովելու մասին սահմանադրական դրույթի վրա: Վերջինս ամրագրվել է  ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 89-րդ հոդվածում և ձևակերպվել ՀՀ Ընտրական օրենսգրքով՝ որպես 53%, իսկ 2017թ.-ի ընտրություններում, որի ժամանակ գործի դրվեցին վարչա-ֆինանսական ռեսուրսները, կայուն խորհրդարանական մեծամասնություն կոչվածը ստացավ ձայների 60%-ը: Իշխանյանը շեշտեց՝ թեև Սահմանադրության հեղինակները որպես նախօրինակ բերում են Սան-Մարինոն և Իտալիայում ընթացող քննարկումները դրա շուրջ, դասական խորհրդարանական համակարգի սկզբունքներին հակասում է կայուն մեծամասնության գաղափարը:

Շարունակելով գործուն խորհրդարանական համակարգի դեմ ստեղծվող պատնեշները՝ Իշխանյանը մատնանշեց նախագահի թեկնածուի ընտրության սկզբունքը, որը ըստ ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի լինելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը ստացած թեկնածուն՝ այսինքն նախագահի թեկնածուն լինելու է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչը: Բայց քանի որ ՀՀ նախագահն ըստ  Սահմանադրության 124-րդ հոդվածի պետք է անկուսակցական լինի, արդեն այսօր խորհրդարանում 60%  ունեցող ՀՀԿ-ն կրճատում է նախագահին տրված ոչ գործադիր, անգամ բարոյական համարվող լիազորությունները, օրինակ՝ ներում շնորհելու, կոչումներ ու շքանշաններ հանձնելու լիազորությունը՝ վերապահելով այն վարչապետին: Այսպիսով, Իշխանյանը շարունակեց, սահմանադրական փոփոխությունների, ընտրական համակարգի և 2017թ.-ի ընտրությունների արդյունքում նախագահական միապետական համակարգից անցում եղավ միակուսակցական կառավարման համակարգի՝ ճիշտ ԽՍՀՄ-ի օրինակով, որի հենց անվան մեջ ենթադրվում էր խորհրդարանական կառավարում, բայց, իրականում կուսակցական կառավարում էր՝ կոմկուսին տալով ղեկավարող քաղաքական համակարգի միջուկի դեր: Ավելին, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայությունները, ինչպես նաև քննչական մարմիններն ու անվտանգության խորհուրդը, որոնք այսօր ուղղակիորեն ենթարկվում են նախագահին, սահմանադրական օրենքներով արդեն ենթարկվելու են վարչապետին: Բանախոսը ամփոփեց, որ այսպիսով, մենք ունենում ենք կուսակցական մենիշխանություն, որը ներկայիս միապետ-նախագահի փոխարեն, առաջնորդելու է միապետ-վարչապետը:

Միանալով Իշխանյանի վերլուծության հիմնարար կետերին՝ Արթուր Սաքունցը ընդգծեց, որ խորհրդարանական կառավարման պայմաններում օրենսդիրը պետք է վերահսկողական գործառույթ ունենա գործադիր իշխանության գործունեության նկատմամաբ: Մասնավորապես՝ Ազգային ժողովը պետք է ունենա էական դեր Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի ղեկավարների ընտրության գործընթացում ինչպես նաև արդյունավետ հսկողություն այդ մարմինների գործունեության նկատմամբ: Մինչդեռ առաջարկված օրենքի նախագծերը սահմանում են միայն կառավարության ու վարչապետի որոշիչ դերը նրանց ղեկավարների նշանակման և նրանց գործունեության նկատմամբ հսկողության առումով, որը հանգեցնում է ոչ թե խորհրդարանական, այլ անձնակենտրոն իշխանության:

Քննարկման բանախոսները մտահոգիչ միտումներ էին արձանագրել նաև դատական իշխանության կազմավորման վերաբերյալ սահմանադրական օրենքի նախագծում: Հայկ Ալումյանը նշեց ՀՀ դատական օրենսգրքի նախագծի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, որով Բարձրագույն դատական խորհուրդը լիազորված է կարգապահական պատասխանատվության ենթարկելու դատավորներին, դադարեցնելու իրենց լիազորությունները, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալ: Սակայն, նույն նախագծով դատավորները լիազորված չեն դատական կարգով բողոքարկելու վերոնշյալ որոշումները, ինչը լրջորեն կախման մեջ է դնում դատավորներին:

Ի թիվս այլ խնդիրների, բանախոսը նաև անդրադարձավ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքին, որը սահմանված է օրենսգրքի 8-րդ հոդվածով: Այդ իրավունքի լիարժեք իրացման համար անհրաժեշտ է, որ այլ անձանց իրավունքները պաշտպանելու նպատակով դատարան դիմելու իրավունք ունենան նաև հասարակական կազմակերպությունները: Ալումյանը նշեց, որ e-draft.am-ում առաջարկել էին վերոհիշյալ հոդվածը մշակել՝ ավելացնելով «Հասարակական կազմակերպությունները այլ անձանց շահերի պաշտպանության նպատակով կարող են դիմել դատարան, եթե տվյալ իրավունքի պաշտպանությունը բխում է հասարակական կազմակերպության կանոնադրությունից»: Առաջարկությունը, սակայն, չէր ընդունվել՝ առանց հիմնավոր պատճառներ ներկայացնելու:

Խոսելով քաղաքացիական հասարակության և հատկապես հանրային շահի մասին՝ Դավիթ Խաչատուրյանը կանգ առավ ՀՀ դատախազության մասին նոր օրենքի խնդրահարույց կարգավորումների վրա: Նա ընդգծեց, որ Սահմանադրությամբ նախատեսված է, որ դատախազությունը օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով կարող է պետական շահերի պաշտպանության հայցով դիմել դատարան: Սակայն, Դատախազության մասին օրենքի ոչ մի հոդվածում չկա սահմանված, թե որն է պետական շահը, մինչդեռ, քրեաիրավական ոլորտից դուրս հանրային շահի հետապնդումը կազմում է դատախազության գործունեության ամբողջ բովանդակությունը: Բանախոսը հիշեցրեց, որ դեռևս 2005թ.-ից ՀՀ դատաիրավական բարեփոխումները աստիճանաբար սահմանափակել են դատախազության լիազորությունները: Այսօր, օրինակ, նոր օրենքը դատախազությանը չի վերապահում գործնական և արդյունավետ լիազորություններ պետական գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հարցում: Քննություն իրականացնելու գործառույթը չի վերադարձվել դատախազությանը, մինչդեռ, Հայաստանի Հանրապետությունից ոչ պակաս ժողովրդավար մի շարք երկրներում դատախազությունն ունի այդ գործառույթը: Կամ մի այլ օրինակ. համաձայն նոր օրենքի 30-րդ հոդվածի մաս 6-րդի, բացի քրեական դատավարության ոլորտից, դատախազին տրված ցուցումներն ու հանձնարարությունները կարող են լինել բանավոր, երբ միջազգային չափորոշիչների համաձայն՝ դատախազն իրավունք ունի պահանջելու, որպեսզի իրեն ուղղված ցուցումները լինեն գրավոր:

Վերջին շրջանում քաղաքացիական հասարակության կողմից բազմաթիվ մտահոգություններ են հնչել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝ թափանցիկ և հաշվետու կառավարում ապահովելու առումով։ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց իր նկատառումները օրենքի վերաբերյալ՝ հատկապես կանգ առնելով այն խնդրի վրա, որ կառավարության նիստերը անցկացվելու են դռնփակ, և վարչապետի որոշմամբ նիստի միայն մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Տիգրանյանը շեշտեց, որ կառավարության նիստերի դռնփակ լինելն ինքնին խնդրահարույց կարող էր չլինել, եթե նախագծով ապահովված լիներ կառավարության իրավաստեղծ ողջ գործընթացի հրապարակայնությունը և կառավարության գործունեության նկատմամբ լիներ վստահության բավարար մակարդակ: Այս համատեքստում, նա շարունակեց, առավել խնդրահարույց է նախագծում կառավարության նիստերի օրակարգը նախապես հրապարակելու պահանջի բացակայությունը: Կառավարության նիստերի դռնբաց լինելու ակնկալիքը գուցե արդարացված չլիներ կամ նիստերի դռնբացությունը որևէ կարևորություն չներկայացներ, եթե նիստերից առաջ փաստացի մշտապես պահպանվեին հանրության համար կարևորություն ներկայացնող իրավական ակտերի նախագծերի պատշաճ հանրային քննարկումներ անցկացնելու պահանջը, այնուհետև դրանց հաջորդեր նախագծի լրամշակման աշխատանքները, որից հետո վերջնական նախագիծը և կից փաստաթղթերը ներառվեին կառավարության նիստերի օրակարգ և հրապարակվեին կառավարության պաշտոնական կայքում: Նախագծում ոչ միայն բացակայում է կառավարության նիստի օրակարգը և զեկուցվող հարցերը օրակարգում պարտադիր կցելու պահանջը, այլև կառավարության նիստերի արձանագրությունը կամ դրա մի մասը կարող է հրապարակվել վարչապետի հանձնարարությամբ: Իսկ համաձայն օրենքի՝ կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: Տիգրանյանն ընդգծեց, որ կառավարության իրավաստեղծ գործունեության ոչ թափանցիկ մեխանիզմների ներդրումն անընդունելի է: Սա լուրջ հետընթաց է, որը չի բխում նաև ՀՀ կառավարության 2017-2022թթ․ծրագրով ամրագրված հաշվետու և բաց կառավարման սկզբունքներից:

Հաջորդ մտահոգիչ քայլը իշխանության կենտրոնացման ուղղությամբ վերաբերվում է փաստաբանների՝ որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտներից մեկի գործունեության սահմանափակմանը: Կարեն Թումանյանը խոսեց այս խնդրի մասին՝ ընդգծելով, որ կառավարությունը առաջարկել է կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնց միջոցով դատավորի համար սահմանելու է լիազորություն՝ փաստաբանի նկատմամբ կիրառել սանկցիա՝ 100,000 դրամ տուգանքի տեսքով: Դատավորին փաստաբանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու լիազորություն ընձեռելն անթույլատրելի է և չի բխում արդարադատության շահերից: Այն իրականում ոչ իրավաչափ միջամտություն է փաստաբանության ինստիտուտի անկախության նկատմամբ: Այս առիթով Թումանյանը նշեց այն ուշագրավ հանգամանքը, որ դատարաններին տվում է լիազորություն փաստաբանին «պատժելու» միայն այն դեպքերում, երբ փաստաբանը հանդես է գալիս դատարանի հետ հարաբերություններում: Մնացած դեպքերում փաստաբանի կողմից կարգապահական խախտում թույլ տալու դեպքում՝ նրա նկատմամբ պատասխանատվություն կարող է նշանակել փաստաբանների պալատի խորհուրդը: Այսինքն՝ նշված միջամտությունը կատարվում է փաստաբանին դատական նիստերում դատավորի ազդեցության տակ վերցնելու համար:

Ժողովրդավարական մեխանիզմների սահմանափակումների առումով լուրջ խնդիրներ բարձրացվեցին ՀՀ հանրաքվեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեց այս խնդիրներից կարևորագույնները: Նա նշեց, որ Հանրաքվեի մասին օրենքի նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ ընտրական իրավունք ունեցող 200.000 քաղաքացու ցանկությամբ հարցը կարող է դրվել հանրաքվեի, սակայն որի վերաբերյալ Ազգային ժողովը ձայների երկու երրորդով պետք է տա համաձայնություն: Այդ արգելքը կարող է հաղթահարվել, եթե նախաձեռնողներին միանան ևս 300.000 քաղաքացի: Սա նշանակում է, որ քաղաքացիների կողմից հարցը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է, որ նախաձեռնությանը միացած լինեն 500.000 քաղաքացի, իսկ Հայաստանի դեպքում սա անիրատեսական թիվ է: Ավելին, ժողովրդի կողմից հանրաքվեի անցկացման իրավունքը չպետք է կախման մեջ դրվի Ազգային ժողովից: Հանրաքվեի վերաբերյալ մի այլ սահմանափակում առկա է օրենքի նախագծի 8-րդ հոդվածում, ըստ որի սահմանադրական փոփոխությունների նախագիծը Սահմանադրությանը չհամապատասխանելու դեպքում (որի վերաբերյալ հարցը որոշում է ՍԴ-ն) այն հանրաքվեի չի դրվում: Ռևազյանը շեշտեց, որ այս սահմանափակումն անտրամաբանական է, քանի որ սահմանադրության փոփոխությունները պարզապես չեն կարող չհակասել գործող սահմանադրությանը: Ըստ նախագծի 11-րդ հոդվածի՝ վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը քաղաքացիների կողմից հանրաքվեի դրվել չեն կարող: Ռևազյանը նշեց, որ այս սահմանափակման դեպքում ևս չկա ողջամիտ բացատրություն, թե ինչու է այդ իրավունքը վերապահված է միայն կառավարությանը, և ժողովրդից վերցված  այդ հարցերը հանրաքվեի դնելու հնարավորությունը:

Շարունակելով հանրաքվեի մասին օրենքում առկա խնդիրները՝ Ռևազյանը խոսեց 17-րդ հոդվածի 4-րդ կետի մասին, որով արգելվում է քվեարկած անձանց  ցուցակների  հրապարակումը: Այս արգելքը չունի որևէ իրավաչափ հիմնավորում, բացի տարիներ շարունակ  բերվող այն փաստարկից, թե իբր դրանով պաշտպանվում են անձնական տվյալները: Ռևազյանը բացատրեց, որ իրականում այստեղ անձնական տվյալների մասին խոսք լինել չի կարող, քանի որ անձը քվեարկության է գալիս հրապարակայնորեն, և այդ գործընթացը նույնպես հրապարակային է: Բանախոսը անդրադարձավ նաև նախագծի 27-րդ հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի, եթե հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենքով կամ ՀՀ Ընտրական օրենսգրքով  նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա ինքն իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականը արձանագրվի գրանցամատյանում։ Ռևազյանը մեկնեց, որ այս դրույթը հակասում է ՀՀ ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 14-րդ մասի իրավակարգավորմանը, քանի որ վերջինիս համաձայն քվեարկության կարգի խախտման վերաբերյալ գնահատականն արձանագրելու պահանջի իրավունք ունեն ոչ միան հանձնաժողովի անդամն ու վստահված անձը, այլև դիտորդը։ Բանախոսը նաև նշեց, որ անհրաժեշտ է սահմանել, որ նույն հանրաքվեին չեն կարող մեկ քվեաթերթիկով քվեարկության դրվել մեկից ավելի այնպիսի հարցեր, որոնք ուղղակիորեն պայմանավորված չեն մեկը մյուսով: Հակառակ դեպքում կստացվի, որ քվեարկողը, տարբեր դիրքորոշումներ ունենալով քվեարկությանը դրված տարբեր հարցերի վերաբերյալ (մեկին՝ կողմ, մյուսին՝ դեմ), զրկված կլինի իր այդ դիրքորոշումն արտահայտելու հնարավորությունից:

Քննարկման վերջին բանախոս Լևոն Բարսեղյանը վեր հանեց Հայաստանում առկա խոսքի և արտահայտման ազատության ռիսկերը: Նա նշեց, որ վերջին տարիներին, որոնք համընկան Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու շրջանին, քաղաքացիների արտահայտման ազատության սահմանափակումները դարձան ավելի համակարգված ու հեռահար: Այս առումով հատկանշական են «Ֆեյքերի մասին» օրենքի նախագծի մշակումն ու այն Ազգային ժողով ներկայացնելը, բողոքի ակցիաների ժամանակ պաստառների խլումը ու ոչնչացումը, գրաքննությունը, մասնավորաբար՝ «Խավարում» ցուցահանդեսի և Մ. Սաակաշվիլու գրքի շնորհանդեսի արգելումը պետական թանգարանում: Այս ամենին զուգահեռ, Բարսեղյանը շարունակեց, իշխանությունների տնօրինած պաշտոնական տեղեկությունները դառնում են հետզհետե ավելի փակ ու անհասանելի, և ջանք է արվում սահմանափակել տեղեկատվության հոսքերը կառավարության որոշումներով ու օրենքներով: Այս առումով նա մատնանշեց ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի  համար կատարվող արարողակարգային ծախսերի մասին տեղեկությունների գաղտնագրումը օրենքով:

Բարսեղյանը նաև ընդգծեց բազմակարծության նկատմամբ ատելության միջավայրի ձևավորման դեմ իշխանությունների փաստացի անգործությունը: Նա թվեց մի շարք օրինակներ, երբ հայտնի կամ պայմանականորեն անհայտ անձինք կյանքի ու առողջության հրապարակային սպառնալիքներ են հնչեցրել իրավապաշտպանների, լրագրողների, խմբագիրների, հասարակական ու քաղաքական գործիչների հասցեին և մնացել են անհայտ կամ անպատիժ: Բանախոսը շեշտեց, որ բազմակարծության խրախուսման փոխարեն հանրային գիտակցության մեջ ներմուծվում կամ վերակենդանացվում է «այլակարծություն» հասկացությունը:  Միևնույն ժամանակ, նա շարունակեց, Հայաստանում հեռարձակող ԶԼՄ-ների ոլորտում արդեն 8 տարի է չի լուծվում հնարավոր հեռուստահեռարձակողներին մասնավոր մուլտիպլեքսներով հեռարձակման հնարավորություն ընձեռելու խնդիրը, FM ռադիո տիրույթում հնարավոր հեռարձակողները հնարավորություն չունեն գործունեություն ծավալել թափուր հաճախականությունների բացայակության մասին ՀՌԱՀ-ի ձևական պատճառաբանությամբ: Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինը՝ ՀՌԱՀ-ը, հեռարձակման ոլորտի մասնակիցները և մասնագիտական կազմակերպությունները մեծամասամբ համարում են ոչ անկախ, այլ ենթակա ՀՀ նախագահին: Մեծ է հավանականությունը, որ «խորհրադարանական» կառավարմանն անցնելուց հետո այս մարմինը կշարունակի մնալ փաստացի կախյալ ՀՀ վարչապետից:

Իր խոսքը Բարսեղյանը եզրափակեց՝ խոսելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման մասին: Նա նշեց որ այս ուղղությամբ Հայաստանում միայն անցած երեք տարում առնվազն 80 հոգի պիտի դատապարտվեր Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով: Նա հիշեցրեց, որ միայն 2015 թվականին, «Էլեկտրիկ-Երևան»  ցույցերի օրերին 25 լրագրող ու օպերատոր է ծեծի ու բռնությունների ենթարկվել, կոտրվել են մեծ թվով մասնագիտական տեխնիկասարքավորումներ: Համանման իրավիճակ ու վիճակագրություն է գրանցվել նաև «Սասնա Ծռեր» զինված խմբի ապստամբության օրերին, այնինչ 164 հոդվածով դատապարտվածների թիվը չի հասնում մեկ տասնյակի, ովքեր տուգանվել են դատարանի կողմից:  Նրանց մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են, իսկ բարձրաստիճան ոստիկանական պաշտոնյաներ, որոնք անձամբ են հրահանգել այդ հարձակումները ու հանցագործությունները, մնացել են անպատիժ: