Ջորջ Սորոս
Ելույթ
Համաշխարհային տնտեսական ֆորում
Դավոս, Շվեյցարիա
25 հունվարի, 2018 թ.
Պատմության արդի պահը
Բարի երեկո: Աշխարհի ընթացիկ վիճակի վերլուծություն ներկայացնելն ինձ համար որոշ իմաստով դավոսյան ամենամյա ավանդույթի է վերածվել: Նախատեսել էի կես ժամ ելույթի համար և կես ժամ՝ հարցերի, սակայն ելույթս մոտ մեկ ժամ ստացվեց: Դա վերագրում եմ մեր առջև ծառացած խնդիրների ծանրությանը: Երբ ավարտեմ, կլսեմ ձեր մեկնաբանությունները և հարցերը: Ուստի՝ պատրաստվեք:
***
Պատմության արդի պահն ըստ իս բավական ցավոտ է: Բաց հասարակությունները ճգնաժամի մեջ են, մինչդեռ վերելք են ապրում տարատեսակ բռնապետությունները և մաֆիա-պետությունները՝ Պուտինի Ռուսաստանի օրինակով: Ամերիկայի Միացյալ Նահանգներում Նախագահ Թրամփը կցանկանար մաֆիա-պետություն ստեղծել, սակայն չի կարող, քանի որ դա թույլ չեն տա Սահմանադրությունը, այլ հաստատությունները և կենսունակ քաղաքացիական հասարակությունը:
Ուզենք թե չուզենք՝ իմ հիմնադրամները, մեր շնորհառուների մեծ մասը և անձամբ ես ծանրագույն պայքար ենք մղում՝ պաշտպանելով անցյալի ժողովրդավարական նվաճումները: Իմ հիմնադրամները նախկինում կենտրոնանում էին այսպես կոչված «զարգացող» երկրների ուղղությամբ, սակայն այժմ՝ տեսնելով բաց հասարակության վտանգվածությունը նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպայում, մենք մեր բյուջեի կեսից ավելին ծախսում ենք հայրենիքին ավելի մոտ, քանի որ այն, ինչ տեղի է ունենում այստեղ, բացասական հետևանքներ է ունենում ամբողջ աշխարհի համար:
Անցյալի ժողովրդավարական նվաճումները պաշտպանելը, սակայն, բավարար չէ: Պարտավոր ենք նաև երաշխավորել բաց հասարակության արժեքները, որպեսզի դրանք ավելի լավ դիմագրավեն ապագայի կատաղի գրոհները: Բաց հասարակությունը միշտ ունենալու է իր թշնամիները, և յուրաքանչյուր սերունդ կենդանի մնալու համար պարտավոր է վերահաստատել իր հավատարմությունը բաց հասարակությանը:
Լավագույն պաշտպանությունը սկզբունքային հակագրոհն է: Բաց հասարակության թշնամիներն իրենց հաղթանակած են զգում, որը նրանց դրդում է չափազանց հեռուն գնալ իրենց կողմից իրականացվող բռնաճնշումներում, որը զայրույթ և դժգոհություն է առաջացնում՝ ընձեռելով դիմագրավելու և նրանց ետ մղելու հնարավորություններ: Հենց դրանք ենք ականատես լինում, օրինակ, մերօրյա Հունգարիայում:
***
Անցյալում իմ հիմնադրամների նպատակներն հաճախ այսպես էի ձևակերպում. «պաշտպանել բաց հասարակությունները իրենց թշնամիներից, հաշվետու դարձնել կառավարություններին և խթանել քննադատական մտածելակերպը»: Իրավիճակը, սակայն, վատթարացել է: Վտանգված է ոչ միայն բաց հասարակության գոյատևումը, այլև՝ մեր ողջ քաղաքակրթության գոյատևումը: Հյուսիսային Կորեայում Կիմ Ջոնգ-ըն և ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի պես առաջնորդների վերելքը սերտորեն կապված է դրա հետ: Երկուսն էլ կարծես պատրաստ են իշխանության ղեկին մնալու համար գնալ միջուկային պատերազմի ռիսկին: Պատճառը, սակայն, ավելի խորն արմատներ ունի:
Շարունակում է աճել բնության ուժերը կառավարելու մարդկության կարողությունը՝ թե կառուցողական, թե կործանարար նպատակներին ծառայեցնելու համար, մինչդեռ ինքներս մեզ կառավարելու կարողությունը անկայուն է, և ներկայումս գտնվում է անկման մեջ:
Միջուկային պատերազմի սպառնալիքն այն աստիճան սարսափազդու է, որ հակված ենք անտեսելու այն: Սպառնալիքն այդ, սակայն, իրական է: ԱՄՆ-ն հիրավի ընթանում է միջուկային պատերազմի ուղղությամբ՝ հրաժարվելով ընդունել այն փաստը, որ Հյուսիսային Կորեան միջուկային տերություն է դարձել: Սա լուրջ խթան է ստեղծում Հյուսիսային Կորեայի համար՝ հնարավորինս մեծ արագությամբ զարգացնելու իր միջուկային հզորությունը, որն իր հերթին կարող է դրդել ԱՄՆ-ին կիրառել իր միջուկային գերակայությունը՝ որպես կանխարգելում: Փաստորեն սկսել միջուկային պատերազմ՝ միջուկային պատերազմը կանխելու համար. ակնհայտորեն ինքնահակասական ռազմավարություն:
Փաստը մնում է փաստ. Հյուսիսային Կորեան միջուկային տերություն է դարձել, և որևէ ռազմական գործողությամբ հնարավոր չէ կանխարգելել այն, ինչ արդեն կայացած իրողություն է: Միակ խելամիտ ռազմավարությունը իրականությունը ընդունելն է, որքան էլ այն տհաճ լինի, և համակերպվել Հյուսիսային Կորեայի՝ միջուկային տերություն լինելու փաստի հետ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ն համագործակցի բոլոր շահագրգիռ կողմերի, առաջինհերթին՝ Չինաստանի հետ: Հյուսիսային Կորեայի նկատմամբ ուժային լծակների առավելագույն քանակությունը Պեկինի ձեռքում է, սակայն վերջինս հակված չէ դրանք գործադրել: Փհենյանի նկատմամբ չափազանց կտրուկ վերաբերմունքի դեպքում ռեժիմը կարող է փլուզվել, որի հետևանքով Չինաստանը կարող է հեղեղվել հյուսիսկորեացի փախստականներով: Ավելին, Պեկինն հակված չէ սիրալիր լինել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի կամ Ճապոնիայի հանդեպ, որոնցից յուրաքանչյուրի հանտեպ Պեկինը բազմապիսի ոխեր է պահում: Համագործակցության հասնելու համար ծավալուն բանակցություններ կպահանջվեն, սակայն դրան հասնելուց հետո դաշինքը կկարողանա դիմակայել Հյուսիսային Կորեային թե կարկանդակներով, թե մահակներով: Մահակներով կարելի է նրան ստիպել բարեխիղճ բանակցությունների գնալ, կարկանդակներով՝ պարգևատրել միջուկային զենքի հետագա մշակումը կասեցնելու հիմնավոր ապացույցներ ներկայացնելու դիմաց: Որքան ավելի վաղ հնարավոր լինի հասնել այսպես կոչված «սառեցում սառեցման դիմաց» ձևաչափով համաձայնության, այնքան ավելի հաջողված կլինի այդ քաղաքականությունը: Հաջողությունը կարելի է չափել այն ժամանակի տևողությամբ, որը կպահանջվի Հյուսիսային Կորեայից իր միջուկային զինանոցը լիովին գործունակ դարձնելու համար: Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Հյուսիսային Կորեայում միջուկային պատերազմի հեռանկարների վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի կողմից վերջերս հրապարակված երկու ազդեցիկ զեկույցներին:
***
Մեր քաղաքակրթության գոյատևման հաջորդ լրջագույն սպառնալիքը կլիմայի փոփոխությունն է, որը միաժամանակ նաև հարկադիր միգրացիայի ահագնացող պատճառ է: Միգրացիայի պրոբլեմներով տևական ժամանակ զբաղվել եմ այլ հանգամանքներում, սակայն այժմ ստիպված եմ շեշտել, թե որքան ծանր և անզիջում են այդ հիմնախնդիրները: Չէի ցանկանա նաև խորամուխ լինել կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին, քանի որ քաջ հայտնի է, թե ինչ է պետք այդ ուղղությամբ անել: Գիտական իմացություն ունենք. պակասում է միայն քաղաքական կամքը, հատկապես Թրամփի վարչակազմում:
Բնականաբար, ես Թրամփի վարչակազմը վտանգ եմ համարում աշխարհի համար: Այն, սակայն, դիտարկում եմ որպես զուտ ժամանակավոր երևույթ, որը կանհետանա 2020 թվականին կամ անգամ ավելի շուտ: Նախագահ Թրամփն արժանի է գովասանքի իր մոլի հետևորդներին գերազանց կերպով շահագրգռելու համար, սակայն յուրաքանչյուր մոլի հետևորդի հաշվով նա ստեղծել է մեծաթիվ մոլի հակառակորդների, ովքեր պակաս շահագրգռված չեն: Ուստի, 2018 թվականին Դեմոկրատական կուսակցության ջախջախիչ հաղթանակ եմ ակնկալում:
ԱՄՆ-ում անձամբ իմ նպատակն է օգնել երկկուսակցական աշխատող համակարգի վերականգնմանը: Դրա համար կպահանջվի ոչ միայն ջախջախիչ հաղթանակ 2018-ին, այլ նաև՝ Դեմոկրատական կուսակցություն, որը հետամուտ կլինի ընտրատարածքների ոչ կուսակցական վերաբաշխմանը, բարձր որակավորում ունեցող դատավորների նշանակմանը, մարդահամարի հավուր պատշաճի անցկացմանը և այնպիսի այլ միջոցառումների, որոնք երկկուսակցական աշխատող համակարգի անհրաժեշտ նախադրյալներ են:
Տեղեկատվական տեխնոլոգիաների մենաշնորհները
Ինձ հատկացված ժամանակի մեծ մասի ընթացքում ցանկանում եմ անդրադառնալ համաշխարհային մեկ այլ պրոբլեմի, այն է՝ ՏՏ հարթակներով գործող հսկայական ընկերությունների վերելքին և մենաշնորհային վարքագծին: Այդ ընկերությունները հաճախ ունեցել են նորարար և ազատագրող դերակատարում: Այնուամենայնիվ, աճելով և վերածվելով էլ ավելի զորեղ մենաշնորհների Facebook-ը և Google-ը խոչընդոտներ են դարձել նորարարության ճանապարհին՝ ստեղծելով բազմաբնույթ պրոբլեմներ, որոնց մասին նոր-նոր ենք սկսում տեղեկանալ:
Ընկերություններն իրենց շահույթը վաստակում են՝ շահագործելով իրենց միջավայրը: Հանքարդյունաբերական և նավթային ընկերությունները շահագործում են ֆիզիկական միջավայրը, սոցիալական ցանցերի ընկերությունները՝ սոցիալական միջավայրը: Դա առանձնապես բարոյազուրկ է, քանի որ սոցիալական ցանցերի ընկերություններն ազդում են մարդկանց մտածելակերպի և վարքի վրա՝ առանց այդ մասին վերջիններիս իրազեկված լինելու անգամ: Դա հեռահար բացասական ազդեցություն է ունենում ժողովրդավարության գործառույթի՝ հատկապես ընտրությունների օրինավորության վրա:
Ինտերնետային հարթակով գործող ընկերությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք ցանցեր են, որոնց հավելյալ շահույթը շարունակում է աճել: Դրանով էլ պայմանավորվում է նրանց աննախադեպ աճը: Ցանցային էֆեկտն իրապես աննախընթաց և վերափոխիչ է, բայց միևնույն ժամանակ՝ այն հարատև չէ: Facebook-ից ութ և կես տարի պահանջվեց մեկ միլիարդ օգտատերերի հասնելու համար, մինչդեռ երկրորդ միլիարդին հասնելու համար պահանջվեց այդ ժամանակահատվածի ընդամենը կեսը: Այս տեմպով շարունակելու դեպքում երեք տարուց այլևս չի գտնվի մի մարդ, որ չլինի Facebook-ի հետևորդների թվում:
Facebook-ը և Google-ը փաստացի վերահսկում են ինտերնետային գովազդից ստացվող հասույթի կեսից ավելին: Իրենց գերակա դիրքը պահպանելու համար նրանց անհրաժեշտ է ընդլայնել իրենց ցանցերը և ավելացնել օգտատերերի ուշադրության մեջ իրենց ունեցած մասնաբաժինը: Ներկայումս նրանք դա անում են՝ օգտատերերին տրամադրելով հարմարավետ հարթակ: Որքան ավելի շատ ժամանակ են օգտատերերն անցկացնում այդ հարթակում, այնքան ավելի արժեքավոր են իրենք դառնում ընկերությունների համար:
Բովանդակություն տրամադրողները նույնպես նպաստում են սոցիալական ցանցերի ընկերությունների շահութաբերությանը, քանի որ նրանք չեն կարող խուսափել այդ հարթակներն օգտագործելուց, ուստի՝ ստիպված են լինում ընդունել իրենց առաջարկվող ցանկացած պայմաններ:
Նշված ընկերությունների բացառիկ շահութաբերությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ դրանք խուսափում են իրենց հարթակների բովանդակության համար որևէ պատասխանատվությունից, ինչպես նաև՝ այդ բովանդակության դիմաց վճարելուց:
Նրանք պնդում են, թե իրենք ընդամենը տեղեկատվություն են տարածում: Սակայն այն փաստը, որ նրանք գրեթե մենաշնորհային տարածողներ են, նրանց վերածում է կենցաղային սպասարկման ծառայություններ մատուցողների, ուստի՝ նրանք պիտի ենթարկվեն ավելի խիստ կարգավորումների, որոնց նպատակը կլինի պաշտպանել մրցակցությունը, նորարարությունը և արդար և բաց համընդհանուր հասանելիությունը:
Սոցիալական ցանցերի ընկերությունների գործարար մոդելի հիմքում գովազդն է: Նրանց իրական հաճախորդները գովազդատուներն են: Աստիճանաբար, սակայն, ձևավորվում է գործարար գործունեության նոր մոդել, որի հիմքում ոչ միայն գովազդն է, այլ նաև՝ ապրանքների և ծառայությունների անմիջական վաճառքն օգտատերերին: Նրանք չարաշահում են իրենց կողմից վերահսկվող տվյալները, խմբավորում իրենց առաջարկած ծառայությունները և խտրական գնագոյացման միջոցով իրենց պահում այն օգուտների ավելի մեծ մասը, որոնցից այլ պարագայում ստիպված կլինեին բաժին հանել սպառողներին: Այդ կերպ նրանց շահութաբերությունն էլ ավելի է բարձրանում, սակայն ծառայությունների խմբավորումը և խտրական գնագոյացումը սասանում են շուկայական տնտեսության արդյունավետ աշխատանքը:
Սոցիալական ցանցերի ընկերությունները խաբում են իրենց օգտատերերին՝ մանիպուլյացիայի ենթարկելով նրանց ուշադրությունը՝ վերջինս կենտրոնացնելով իրենցսեփականառևտրային շահերից բխող ուղղություններով: Նրանք դիտավորյալ այնպես են նախագծում իրենց կողմից մատուցվող ծառայությունները, որպեսզի մարդկանց կախվածության մեջ գցեն դրանցից: Դա կարող է հույժ վնասակար լինել՝ հատկապես դեռահասների համար: Նմանություն կա ինտերնետային հարթակների և մոլեխաղերի ընկերությունների միջև. խաղատները մշակել են մոլեխաղի սիրահարներին իրենց ճանկերը գցելու հնարքներ՝ այն աստիճան, որ վերջիններս տանուլ տան իրենց ունեցած և չունեցած ողջ գումարը:
Շատ վնասակար և թերևս անշրջելի մի բան է կատարվում մարդկային ուշադրության հետ մեր թվային դարաշրջանում: Ուշադրությունը շեղելուց կամ մոլուցքային կախվածությունից անդին՝ սոցիալական ցանցերի ընկերությունները մարդկանց դրդում են հրաժարվել սեփական ինքնուրույնությունից: Մարդկանց ուշադրությունը ձևավորելու լծակները գնալով ավելի շատ են կենտրոնանում սակավաթիվ մի քանի ընկերությունների ձեռքերում: Այժմ լուրջ ջանք է պահանջվում հաստատելու և պաշտպանելու այն՝ ինչ Ջոն Ստյուարտ Միլը կոչեց «մտքի ազատություն»: Հնարավոր է, որ այդ ազատությունը կորցրած մարդիկ, հասակ առնելով թվային դարաշրջանում, դժվարությունների հանդիպեն այն վերահաստատելու գործում: Դա կարող է հեռահար քաղաքական հետևանքներ ունենալ: Մտքի ազատությունից զուրկ մարդկանց հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել: Այդ վտանգը միայն հեռավոր ապագայում չէ. այն արդեն իսկ կարևոր դերակատարում ունեցավ ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններում:
Հեռվում, սակայն, տեսանելի են էլ ավելի մտահոգիչ միտումներ. հնարավոր է դաշինքն ավտորիտար պետությունների և տվյալներով հարուստ այդ խոշոր ՏՏ մենաշնորհների միջև, որի հետևանքով կորպորատիվ վերահսկողության նորաթուխ համակարգերը միավորվեն պետական հովանավորությամբ իրականացվող վերահսկողության արդեն իսկ կայացած համակարգին: Դրա հետևանքով շատ հավանական կարող է լինել տոտալիտար վերահսկողության այնպիսի մի սարդոստայնի ձևավորումը, որի մասին երևակայել չէին կարող անգամ Ալդոս Հաքսլին կամ Ջորջ Օրուելը:
Մեղսական այդ «ամուսնությունների» հավանականությունն ավելի մեծ է առաջին հերթին Ռուսաստանի և Չինաստանի նման երկրներում: Չինաստանի ՏՏ ընկերությունները, մասնավորապես, ոչնչով չեն զիջում ամերիկյաններին: Նրանք էլ վայելում են Սի Ծինփինի ռեժիմի լիակատար օժանդակությունը և պաշտպանությունը: Չինաստանի կառավարությունը բավականաչափ ուժեղ է առնվազն իր սահմանների ներսում երկրի «առաջամարտիկներին» պաշտպանելու համար:
ԱՄՆ-ում տեղակայված ՏՏ մենաշնորհներն արդեն իսկ գայթակղված են՝ սեփական շահերը վտանգելով մուտք գործել արագորեն աճող այդ ահռելի շուկաներ: Այդ երկրների բռնապետական առաջնորդները մեծ ուրախությամբ կհամագործակցեն նրանց հետո, քանի որ ցանկանում են բարելավել սեփական բնակչության նկատմամբ վերահսկողության իրենց մեթոդները և ընդլայնել իրենց ազդեցությունը և ուժն ԱՄՆ-ում և աշխարհի այլ մասերում:
Հսկա հարթակների սեփականատերերն իրենց տիեզերքի տիրակալ են համարում, սակայն իրականում սեփական գերիշխող դիրքը պահպանելու նպատակի ստրուկներն են: ԱՄՆ-ի ՏՏ մենաշնորհների համաշխարհային գերակայության փլուզումն ընդամենը ժամանակի հարց է: Դավոսը պատեհ վայր է՝ հայտարարելու համար, որ նրանց օրերը հաշված են: Նրանց պարտության մատնողներն են լինելու կարգավորումը և հարկումը, իսկ նրանց նեմեսիսը՝ ԵՄ մրցակցության հանձնակատար Մարգրեթ Վեստագերը:
***
Օրեցօր ավելի տեսանելի է դառնում հարթակային մենաշնորհների գերիշխող դիրքի կապն անհավասարության խորացման հետ: Որոշակի դեր խաղում է բաժնային սեփականության կենտրոնացումը սակավաթիվ անհատների ձեռքերում, սակայն առավել կարևոր է ՏՏ հսկաների գրաված առանձնահատուկ դիրքը: Նրանք հասել են մենաշնորհային դիրքի, սակայն միևնույն ժամանակ մրցում են միմյանց դեմ: Նրանք բավականաչափ մեծ են, որպեսզի կլանեն այն սկսնակներին, որոնք կարող էին աճել և մրցակիցների վերածվել, սակայն միայն հսկաներն ունեն միմյանց տարածքը գրավելու համար անհրաժեշտ միջոցները: Նրանք մշտապես պատրաստ են գերիշխող դիրք հաստատել աճի նոր տիրույթներում, որոնք բացվում են արհեստական բանականության շնորհիվ, օրինակ՝ անվարորդ մեքենաների պարագայում:
Նորարարության ազդեցությունը գործազրկության վրա կախված է կառավարության քաղաքականությունից: Եվրոպական միությունը, հատկապես՝ սկանդինավյան երկրները, իրենց սոցիալական քաղաքականություններում շատ ավելի հեռատես են, քան՝ ԱՄՆ-ը: Նրանք պաշտպանում են ոչ թե աշխատատեղերը, այլև՝ աշխատողներին: Նրանք պատրաստ են հոգալ աշխատանքից զրկվածների մասնագիտական վերապատրաստման ծախսերը: Դա սկանդինավյան երկրների աշխատողներին անվտանգության ավելի մեծ զգացում է հաղորդում, որի շնորհիվ նրանք ավելի շատ են սատարում տեխնոլոգիական նորարարություններին, քան՝ աշխատողներն ԱՄՆ-ում:
***
Ինտերնետային մենաշնորհները ցանկություն չունեն և հակված չեն՝ պաշտպանելու հասարակությունն իրենց գործողությունների հետևանքներից: Այդպիսով, նրանք վտանգավոր են դառնում, ուստի՝ կարգավորող մարմինները պետք է հասարակությունը պաշտպանեն նրանցից: ԱՄՆ-ում կարգավորողները բավականաչափ ուժեղ չեն, որպեսզի դիմակայեն նրանց քաղաքական ազդեցությանը: Եվրոպական միությունն ավելի բարվոք վիճակում է, քանի որ չունի սեփական հարթակային հսկաներ:
Եվրոպական միությունը մենաշնորհային դիրքն այլ կերպ է սահմանում, քան՝ ԱՄՆ-ը: ԱՄՆ-ի իրավապահ համակարգն հիմնականում կենտրոնանում է միաձուլումների արդյունքում ստեղծված մենաշնորհների վրա, մինչդեռ Եվրամիությունն արգելում է մենաշնորհային դիրքի չարաշահումը՝ անկախ դրան հասնելու եղանակներից: Անձնական կյանքի և տվյալների պաշտպանության օրենքները Եվրոպայում շատ ավելի ուժեղ են, քան՝ ԱՄՆ-ում: Ավելին, ԱՄՆ-ի օրենսդրության մեջ տարօրինակ հայեցակարգ է կիրառվում. վնասի չափման միավորն հաճախորդների ստացած ծառայությունների գնի աճն է, որը գրեթե անհնար է ապացուցել, երբ ծառայությունների մեծ մասը տրամադրվում է անվճար: Այդկերպ տեսադաշտից դուրս են մնում այն արժեքավոր տվյալները, որոնք հարթակային ընկերություններն հավաքում են իրենց օգտատերերից:
Եվրոպական մոտեցման առաջամարտիկը ԵՄ մրցակցության հանձնակատար Վեստագերն է: Եվրամիությունից 7 տարի պահանջվեց Google-ի դեմ վարույթ հարուցել համար, սակայն նրա հաջողության շնորհիվ գործընթացը ներկայումս զգալիորեն արագացել է: Նրա կողմից իրականացված «դավանափոխության» արդյունքում եվրոպական մոտեցումն սկսել է դիրքորոշումների վրա ազդել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Ազգայնականության վերելքը. ինչպես հակադարձել այն
Խոսքումս հիշատակեցի մեր առջև ծառացած առավել հրատապ և կարևոր խնդիրներից մի քանիսը: Եզրափակելով, թույլ տվեք ընդգծել, որ մենք ապրում ենք հեղափոխական դարաշրջանում: Մեր բոլոր կայացած կառուցակարգերն հոսունության վիճակում են, և այս իրադրությունը չի կարող զերծ լինել սխալականությունից և ռեֆլեքսիվությունից:
Կյանքիս ընթացքում եղել են նման շրջաններ, վերջին անգամ՝ մոտ 30 տարի առաջ: Այդ ժամանակ էր, որ ստեղծեցի հիմնադրամների իմ ցանցը նախկին խորհրդային կայսրության տարածքում: Երկու ժամանակաշրջանների հիմնական տարբերությունն այն է, որ 30 տարի առաջ գերիշխող գաղափարախոսությունն էր միջազգային կառավարումը և համագործակցությունը: Վերելք ապրող ուժը Եվրոպական միությունն էր, անկում ապրողը՝ Խորհրդային միությունը: Այսօր, սակայն, մղող ուժն ազգայնականությունն է: Վեր հառնողի դերում Ռուսաստանն է, սեփական արժեքներից հրաժարվելու վտանգին ենթարկվածի դերում՝ Եվրոպական միությունը:
Թերևս, հիշում եք, որ նախորդ փորձառությունը լավ չավարտվեց Խորհրդային Միության համար: Խորհրդային կայսրությունը փլուզվեց, և Ռուսաստանը դարձել է մաֆիա-պետություն, որն ազգայնական գաղափարախոսություն է որդեգրել: Իմ հիմնադրամները բավական լավ են աշխատել. Խորհրդային կայսրության առավել առաջադեմ անդամները դարձել են Եվրոպական միության անդամ:
Այժմ մեր նպատակն է՝ օգնել փրկելու Եվրոպական միությունը, որպեսզի վերջինս ամբողջովին վերաիմաստավորվի: ԵՄ-ն նախկինում վայելում էր իմ սերնդակիցների խանդավառ օժանդակությունը, որը սակայն փոխվեց 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո: Եվրամիությունը շեղվեց իր ուղուց, քանի որ կառավարվում էր հնացած միջազգային համաձայնագրերով և զսպողական քաղաքականությունների սխալական համոզմունքներով: Հավասար պետությունների կամավոր միությունը վերածվել էր վարկեր տվողների և վարկեր վերցնողների հարաբերությունների, որոնցում պարտապանները չէին կարողանում կատարել իրենց պարտավորությունները, իսկ պարտատերերը պայմաններ էին թելադրում նրանց: Այդ միությունը ո՜չ կամավոր էր, ո՜չ՝ հավասար:
Հետևանքը եղավ այն, որ արդի սերնդի ներկայացուցիչների մի զգալի մասը սկսեցին Եվրոպական միությունը դիտարկել որպես իր թշնամի: Կարևոր մի պետություն՝ Բրիտանիան, Եվրամիությունից դուրս գալու գործընթացում է, և առնվազն երկու պետություններ՝ Լեհաստանը և Հունգարիան, ղեկավարվում են Եվրոպական միության հիմնարար արժեքներին կտրականապես դեմ քայլող կառավարությունների կողմից: Նրանք սուր հակասության մեջ են եվրոպական տարբեր կառույցների հետ, և վերջիններս փորձում են սանձել նրանց: Մի քանի այլ պետություններում վերելք են ապրում հակաեվրոպական կուսակցությունները: Ավստրիայում նրանք իշխող կոալիցիայի կազմում են, իսկ Իտալիայի ճակատագիրը կորոշվի մարտի ընտրություններում:
Ինչպե՞ս կարող ենք կանխել Եվրոպական միության սեփական արժեքներից հրաժարվելը: Մեզ անհրաժեշտ է բարեփոխել այն բոլոր օղակներում՝ Միության մակարդակում, անդամ պետությունների մակարդակում և ընտրազանգվածի մակարդակում: Մենք հեղափոխական շրջանում ենք. ամեն ինչ ենթակա է փոփոխության: Այսօր կայացվող որոշումները կկանխորոշեն ապագան:
Միության մակարդակում հիմնական հարցը եվրոյի ապագան է: Յուրաքանչյուր անդամ պետությունից պե՞տք է արդյոք պահանջել, որպեսզի նրանք ուշ թե շուտ ընդունեն եվրոն, թե՞ կարելի է անժամկետ թույլատրել այսօրվա իրավիճակի պահպանումը: Մաաստրիխտի պայմանագրով նախատեսվեց առաջին այլընտրանքը, սակայն եվրոն որոշակի թերություններ է ձեռք բերել, որոնք նախատեսված չէին Մաաստրիխտի պայմանագրով, և դեռևս կարոտ են լուծման:
Պե՞տք է արդյոք թույլատրել, որպեսզի եվրոյի խնդիրները վտանգեն Եվրոպական միության ապագան: Ես կտրականապես դեմ կարտահայտվեի դրան: Փաստն այն է, որ պահանջները չբավարարող պետություններն անդամակցելու մեծ ցանկություն ունեն, իսկ պահանջները բավարարողները՝ բացառությամբ Բուլղարիայի, դեմ են: Ավելին, կցանկանայի, որպեսզի Բրիտանիան մնար ԵՄ անդամ կամ հետագայում կրկին անդամակցեր ԵՄ-ին, սակայն դա անկարելի կլիներ, եթե դրա համար նախապայման լիներ եվրոն որպես արժույթ ընդունելը:
Եվրամիության առջև ծառացած ընտրությունն ավելի ճիշտ կլիներ ձևակերպել որպես ընտրություն բազմատեմպ մոտեցման և բազմահոսանք մոտեցման միջև: Բազմատեմպ մոտեցման պարագայում անդամ պետությունները պետք է նախապես համաձայնեցնեն վերջնանպատակը: Բազմահոսանք մոտեցման պարագայում անդամ պետություններն ազատ են՝ ձևավորելու որոշակի համաձայնեցրած նպատակների ուղղությամբ ընթացողների դաշինքներ: Բազմահոսանք մոտեցումն ակնհայտորեն ավելի ճկուն է, սակայն եվրոպական բյուրոկրատիան նախապատվությունը տվել է բազմատեմպ մոտեցմանը: Դա լուրջ դեր ունեցավ Եվրամիության կառուցվածքի կարծրացման գործում:
Ինչ վերաբերում է անդամ պետություններին, ապա նրանց քաղաքական կուսակցություններն հիմնականում հնացել են: Աջի և ձախի դասական տարբերակումն այսօր իր տեղը զիջում է եվրոպամետ և հակաեվրոպական կողմնորոշումներով տարբերակմանը: Դա տարբեր դրսևորումներով տեսանելի է տարբեր պետություններում:
Գերմանիայում, մասնավորապես, սիամյան երկվորյակների նմանությամբ ձևավորված՝ Քրիստոնյա-դեմոկրատական միավորման (CDU) և Քրիստոնյա-սոցիալական միավորման (CSU) դաշինքը վերջին ընտրությունների արդյունքներով անշարունակելի է դարձել: Բավարիայում կա Քրիստոնյա-սոցիալական միավորումից էլ ավելի աջակողմյան մեկ այլ կուսակցություն՝ «Այլընտրանք հանուն Գերմանիայի» (AfD) կուսակցությունը: Դա Քրիստոնյա-սոցիալական միավորմանը ստիպել է Բավարիայի հաջորդ տարվա տեղական ընտրությունների նախաշեմին էլ ավելի շատ դեպի աջ տեղաշարժվել, ուստի՝ չափազանց մեծ է դարձել անջրպետը Քրիստոնյա-դեմոկրատական միավորման և Քրիստոնյա-սոցիալական միավորման միջև: Դրա հետևանքով Գերմանիայի կուսակցական համակարգը հիմնականում անգործունակ է դարձել՝ մինչև Քրիստոնյա-դեմոկրատական միավորման և Քրիստոնյա-սոցիալական միավորման ամուսնալուծությունը:
Բրիտանիայում ակնհայտ է, որ աջակողմյան կուսակցությունը Պահպանողականների կուսակցությունն է, իսկ ձախակողմյանը՝ Աշխատավորականը (լեյբորիստները), սակայն կուսակցություններից յուրաքանչյուրը ներքին պառակտում ունի Եվրամիությունից Բրիտանիայի ելքի՝ Բրեքզիտի հարցում: Դա էականորեն բարդացնում է Բրեքզիտի բանակցությունները՝ ծայրահեղ դժվար դարձնելով Բրիտանիայի՝ որպես պետության համար Եվրոպայի նկատմամբ իր դիրքորոշման հստակեցումը և ձևափոխումը:
Եվրոպական այլ պետություններում ևս կարելի է ակնկալել նմանատիպ վերադասավորումներ՝ բացառությամբ Ֆրանսիայի, որն արդեն իսկ վերապրել է իր ներքին հեղափոխությունը:
Ինչ վերաբերում է ընտրազանգվածին, ապա Ժան Մոնեի նման տեսլական ունեցող առաջնորդների փոքր խմբի՝ վերևից իրականացված նախաձեռնության շնորհիվ ինտեգրման գործընթացը երկար ուղի է անցել, սակայն այժմ այն կորցրել է թափը: Այսօր մեզ անհրաժեշտ է համադրել եվրոպական իշխանությունների՝ վերևից ներքև մոտեցումը ներգրավված ընտրազանգվածի ներքևից վերև նախաձեռնությունների հետ: Բարեբախտաբար, ներքևից դեպի վերև նախաձեռնությունները բազմաթիվ են: Մնում է միայն տեսնել, թե ինչպես կարձագանքեն դրան իշխանությունները: Մինչ օրս Նախագահ Մակրոնն առավելապես դրսևորել է արձագանքող կեցվածք: Նա Ֆրանսիայի նախագահական ընտրությունների քարոզարշավում հանդես եկավ եվրոպամետ քաղաքական ծրագրով, և նրա ներկայիս ռազմավարությունը կենտրոնանում է Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունների շուրջ, իսկ դրանց համար անհրաժեշտ է ներգրավել ընտրազանգվածը:
***
Թեպետ առավել մանրամասնորեն վերլուծել եմ Եվրոպան, պատմության դիտանկյունից վերջին հաշվով շատ ավելի կարևոր է այն, ինչ տեղի է ունենում Ասիայում: Վերելք ապրող տերությունը Չինաստանն է: Շատերն էին ջերմեռանդ հավատով լցված Չինաստանի բաց հասարակության հեռանկարի հանդեպ, սակայն Մաոյի հեղափոխության ընթացքում նրանք վերադաստիարակության ուղարկվեցին գյուղական շրջաններ: Կենդանի մնացածները վերադարձան և իշխանական պաշտոններ զբաղեցրեցին կառավարությունում: Ուստի, Չինաստանի ապագայի վեկտորը, որը նախկինում կանխորոշված չէր, այսօր այլևս այդպիսին է:
Բաց հասարակության ջատագովները թոշակի տարիքի են հասել, և Սի Ծինփինը, ով ավելի շատ ընդհանրություններ ունի Պուտինի, քան՝ այսպես կոչված Արևմուտքի հետ, սկսել է կուսակցական հովանավորչության նոր համակարգ ձևավորել: Մտավախություն ունեմ, որ հաջորդ 20 տարիների հեռանկարը բավական դժգույն է: Այնուամենայնիվ, կարևոր է համաշխարհային կառավարման կառուցակարգերում ներառել Չինաստանը: Դա կարող է օգնել՝ խուսափելու համաշխարհային պատերազմից, որը կոչնչացներ մեր ողջ քաղաքակրթությունը:
***
Մնում են տեղական մարտադաշտերն Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում: Իմ հիմնադրամներն ակտիվորեն աշխատում են բոլոր այդ տարածաշրջաններում: Մենք հատկապես կենտրոնացած ենք Աֆրիկայի ուղղությամբ, որտեղ բռնապետի դերին հավակնող գործիչները Քենիայում, Զիմբաբվեում և Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում աննախադեպ մասշտաբի ընտրակեղծիք են կատարել, և քաղաքացիները տառացիորեն իրենց կյանքն են վտանգում՝ դիմակայելով բռնապետության ձևավորմանը: Մեր նպատակն է ուժեղացնել տեղի բնակիչներին, որպեսզի նրանք հոգան սեփական պրոբլեմները, օգնել խոցելի վիճակում հայտնվածներին և հնարավորին չափ նվազեցնել մարդկային տառապանքը: Այդպիսով, անելիքները շատ ավելի շատ են, քան կկարողայի հասցնել կյանքիս ընթացքում:
Թույլ տվե՜ք այս դրական նոտայի վրա ավարտել՝ մեկնաբանություններ և հարցեր հնչեցնելու հնարավորություն ընձեռելով Ձեզ: