Հանրային քննարկում (քննարկման ամբողջական տեսագրությունը կարող եք տեսնել այստեղ)
հունվար 16, 2018, ժամը՝ 10-13:10
ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահ
(Գրիգոր Լուսավորիչ 4/2, ք. Երևան, Հայաստան)
Սույն թվականի հունվարի 16-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը ու Արդարադատության խումբը կազմակերպել էին հանրային քննարկում Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական ու քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ խորագրով: Արդարադատության խումբը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված փորձագիտական խորհուրդ է՝ հիմնված 2015 թվականին: Այն միավորում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և փաստաբաններին՝ իրավական ու դատական բարեփոխումների գործընթացում միջազգային չափանիշներն ապահովելու և տվյալ բարեփոխումների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովման նպատակով:
Քննարկումը բաղկացած էր երկու մասից: 1-ին մասում ելույթները և հարց ու պատասխանները անդրադարձան այն հիմնական հարցին, թե արդյոք դատական օրենսգրքի նախագիծն արձագանքում է դատական համակարգում առկա հիմնախնդիրներին: 2-րդ մասում բանախոսների ուշադրության կենտրոնում էր քրեական օրենսգրքի նախագիծն ու իր առաջարկած լուծումները քրեական արդարադատության ոլորտում առկա հիմնախնդիրներին: Միջոցառման բանախոսներ էին փաստաբան Հայկ Ալումյանը, փորձագետ Դավիթ Խաչատուրյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ովքեր նաև ներկայացնում էին Արդարադատության խումբը: Ելույթներով հանդես եկան նաև երկու հրավիրված բանախոսներ՝ ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենի տեղակալ Ռոման Ահարոնյանը և ՀՀ Փաստաբանական պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը: Այլ հրավիրյալ բանախոսների շարքում էին Արտակ Զեյլանյանը Ազգային ժողովի Ելք խմբակցությունից, Տիգրան Մարկոսյանը Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնից և Հակոբ Հակոբյանը Քննչական կոմիտեից: Քննարկումը վարում էր Տաթևիկ Խաչատրյանը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունից:
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադրի տնօրեն Լարիսա Մինասյանը ողջունեց մասնակիցներին և ներկաներին բացման խոսքով: Նա նշեց, որ հիմնադրամը՝ լինելով մարդու իրավունքների, ժողովրդավարության ու հաշվետու կառավարման ջատագով և ունենալով երկարամյա փորձ օրենքների վերլուծության ու մշտադիրտարկման ոլորտում, չէր կարող չանդրադառնալ Հայաստանում դատական ու քրեական արդարադատության ոլորտների կարևորագույն օրենսդրական փոփոխություններին: Նա ընդգծեց, որ քննարկման կարևորությունը կայանում է նրանում, որ այն հարթակ է ստեղծում քաղաքացիական հասարակության համար՝ բարձրացնելու իրենց մտահոգություններն ու տպավորությունները կատարվող բարեփոխումների վերաբերյալ, քանզի Հայաստանում իրավաստեղծ գործընացին մասնակցելու միակ միջոցը www.e-draft.am առցանց հարթակին առաջարկություններ ներկայացնելն է:
Քննարկման 1-ին մասում առաջ քաշվեց դատավորների անկախության ու անկողմնակալության երաշխավորման ուղղությամբ դատական օրենսգրքում համապատասխան կարգավորումներ նախատեսելու հարցը: Բանախոսները շեշտադրեցին, որ նախագծում եղած դատարանների անկախության երաշխիքները բավարար չեն և դատավորների անկախությունն ապահովելու համար լրացուցիչ մեխանիզմների կարիք կա: Նրանք նաև նշեցին, որ նոր օրենսգիրքը չի սահմանում Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական որոշումները բողոքարկելու մեխանիզմներ, ինչը կենսական նշանակություն ունի դատական համակարգի անկախության համար: Հայկ Ալումյանը բարձրացրեց բանկերի մասնակցությամբ քննվող դատական գործերում շահերի բախումը կանխելու հարցը: Փաստաբանը մատնանշեց, որ քննվող գործերում բարձր է բանկից դատավորների ֆինանսական կախվածության ռիսկը, քանզի քաղաքացիական գործերի գերակշիռ մեծամասնությունը կազմում են բանկերի հայցերը իրենց հաճախորդների դեմ, այն դեպքում, որ բանկերի դեմ հաճախորդների կողմից հարուցված գործերի թիվը աննշան է: Հետևաբար, նա պնդեց, որ դատավորները պետք է հայտարարագրեն բանկերում իրենց վարկերի չափերը և դրանց տրամադրման պայմանները: Խոսելով դատական անկողմնակալության մասին, քննարկման ընթացքում նշվեց, որ չնայած այն փաստին, որ օրենսգիրքը սահմանում է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, այս պաշտպանությունը չի կարող ամբողջությամբ իրականացվել, եթե հասարակական կազմակերպություններին չի տրվում քաղաքացիների կամ հանրային շահը պաշտպանելու համար դատարան դիմելու իրավունք (action popularis):
Քննարկման 1-ին մասում առաջ քաշված երկրորդ կարևոր հարցը վերաբերում էր փաստաբանի դեմ 100,000 դրամ տույժ հաստատելու դատավորի լիազորության օրինականությանը: Նոր օրենսգրքով հաստատվող այս կարգավորումը սահմանափակելու է փաստաբանների անկախությունը՝ միևնույն ժամանակ հակասելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին: Անդրադառնալով այս խնդրին՝ Դավիթ Խաչատուրյանը իր խոսքում ընդգծեց նման պատժամիջոցի խստությունը, և այն, որ իր կանխարգելիչ բնույթով այս տուգանքը հանդիսանում է քրեական սանկցիա՝ ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշների: Այս տուգանքի հետ կապված մեկ այլ խնդիր է, որ դատարանն ու դատավորն են սահմանելու այս պատիժը, մինչդեռ այս դեպքում իրենք տուժող կողմն են: Նա հիշեցրեց, որ 2005 թվականին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչեց նման կարգավորումը 6-րդ հոդվածի խախտում (Կիպրիանուն ընդդեմ Կիպրոսի գործով վճիռ): Էմիլ Ամիրխանյանը միացավ այս փաստարկին՝ կասկածի տակ դնելով նման պատժի անհրաժեշտությունը: Նա նշեց, որ այս սանկցիան օրենսգրքի մեջ ներառելու համար չկար հանրային պահանջ, մինչդեռ նման բնույթի որևէ փոփոխություն պետք է լինի հիմնավորված՝ նպատակի ու միջամտության մեջ հավասարակշռությունը պահպանելու համար: Որպես ՀՀ Փաստաբանական պալատի նախագահի առաջին տեղակալ՝ նա հաստատեց, որ իրենց կարծիքով այս սանկցիան դառնալու է փաստաբաններին զսպելու ու ճնշելու գործիք:
Անդրադառնալով հանրության պահանջին ու մասնակցությանը՝ Արթուր Սաքունցը բարձրացրեց դատական իշխանության կազմավորման ու իրականացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության հարցը: Նա հղում կատարեց Եվրոպական խորհրդի կողմից ընդունված մի շարք փաստաթղթերին, որոնք հաստատում են, որ յուրաքանչյուր պետություն պետք է ապահովի բարենպաստ միջավայր, որպեսզի հասարակական կազմակերպությունները մասնակցեն իրավական համակարգի զարգացմանն ու բարելավմանը: Իսկ Հայաստանում, հասարակական կազմակերպությունները չունեն հնարավորություն վերահսկելու Բարձրագույն դատական խորհրդի և դատական իշխանության կազմավորմանը և ոչ էլ մասնակցություն ունենալու դատական օրենսգրքի նախագծի մշակմանը: Սաքունցը նշեց, որ www.e-draft.am առցանց հարթակին առաջարկություններ ներկայացնելը զուտ ձևականություն է, որովհետև առաջարկություն ներկայացնողները չեն ստանում դրանց ընդունման վերաբերյալ պատասխաններ, իսկ մերժման դեպքում՝ հիմնավորված պատճառներ: Նա ընդգծեց, որ հասարակական կազմակերպություններն են ներկայացնում Սահմանադրական դատարան մտնող գործերի գերակշռող մասը՝ այսպիսով նպաստելով երկրում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը: Որևէ կառավարություն, նա շեշտեց, որը հետաքրքրված է նման զարգացումով, պետք է սատարի այս կազմակերպություններին և պետք է բարձրացնի նրանց մասնակցության արդյունավետությունը:
Դատական օրենսգրքի նախագծի աշխատանքների մասնակցությունը և www.e-draft.am առցանց հարթակին առաջարկություններ ներկայացնելու արդյունավետությունը հայտնվեցին 1-ին մասի հարց ու պատասխանի կիզակետում: Մասնավորապես հարցեր ուղղվեցին Տիգրան Մարկոսյանին, ով ներկայացնում էր Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնը: Նա հավաստիացրեց, որ www.e-draft.am հարթակին ներկայացրած բոլոր առաջարկությունները պատասխան են ստացել առանց բացառության և պնդեց, որ նշված կայքում իրենք չեն ստացել որևէ առաջարկություն Արդարադատության խմբի կողմից, մինչ խմբի բոլոր ներկա անդամները հաստատեցին, որ ներկայացրել են դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները: Մարկոսյանը նաև թերահավատորեն մոտեցավ այն հարցին, որ հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցել դատական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներին և առաջարկեց բերել նման փորձի օրինակներ: Արթուր Սաքունցը հակադարձեց այս մտքին՝ բացատրելով, որ դատական օրենսգրքի նախագծի մշակմանը քաղաքացիական հասարակությունը կարող է չմասնակցել միայն այն դեպքերում, երբ պետական պաշտոնյաները գործեն բացառապես օրենքի շրջանակներում և չչարաշահեն իրենց դիրքը: Սակայն ՀՀ-ում, նա շարունակեց, պատմությունը ու փորձը ցույց են տվել, որ պետական պաշտոնյաները շրջանցում են օրենքը և չարաշահում իրենց լիազորությունները՝ դարձնելով քաղաքացիական վերահսկողությունը անհրաժեշտություն:
Հարց ու պատասխանին հետևեց քննարկման երկրորդ մասը՝ հրավիրելով ունկնդիրների ուշադրությունը քրեական օրենսգրքի նախագծում առկա խնդիրներին: Նախագծում առկա խնդրահարույց կետերից Դավիթ Խաչատուրյանը առաջ քաշեց խոշտանգման սահմանման հարցը: Չնայած նրան, որ քրեական օրենսգրքի նախագիծը սահմանում է խոշտանգումը, այն չի նախատեսում քրեական պատասխանատվություն դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու համար: Նա ընդգծեց, որ այս խնդիրը կարող է խոչընդոտել գործերի արդյունավետ քննությանը և խոշտանգման զոհերի արժանապատվության վերականգնմանը՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի պահանջներին համապատասխան:
Հերիքնազ Տիգրանյանը քննարկեց քրեական օրենսգրքի նախագծի մի այլ խնդրահարույց կետ, որը վերաբերվում էր մի շարք կոռուպցիոն հանցագործությունների և ընտրական իրավունքների խախտումների քրեականացմանը: Նա մատնանշեց, որ ի տարբերություն գործող օրենսգրքի՝ նոր քրեական օրենսգրքում ընտրական իրավունքների խախտումների դեպքում սահմանված պատժի ձևը ու չափը զգալիորեն մեղմացվել են: Այս փոփոխությունը, նա ընդգծեց, նկատելի կերպով հակասում է պետության կողմից ստանձնած ընտրական իրավունքի խախտումները բացահայտելու ու պատժելու պատասխանատվությանը ու պատրաստակամությանը: Տիգրանյանը նշեց օրենսգրքի նախագծի մի այլ թերություն. նախագիծը սահմանում է հանրային ծառայության շահի դեմ կատարած մի շարք հանցատեսակներ, սակայն դրանք չի սահմանում որպես կոռուպցիոն հանցագործություններ: Նա կրկնեց, որ նոր քրեական օրենսգիրքը պետք է սահմանի ու ճանաչի հանրային ծառայության շահի դեմ կատարած հանցանքները որպես կոռուպցիոն հանցագործություններ:
Քննարկման ընթացքում բարձրացրած վերջին հարցը վերաբերում էր քրեական օրենսգրքի նախագծի մի այլ խնդրահարույց կետի, այն է՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար արդարադատության մատչելիության ապահովման հարցին: Ավետիք Իշխանյանը ներկայացրեց այս տեսանկյունից օրենսգրքի նախագծի իր վերլուծությունն ու դիտարկումները՝ կանգ առնելով մասնավորապես ցմահ ազատազրկման տարիքային շեմին, որը օրենսգրքի նախագծով 18 տարեկանն է: Իշխանյանը նշեց, որ օրենսգրքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ, աշխատանքային խումբը վճռական էր, որ տարիքային շեմը պետք է բարձրացնել մինչև 21 տարեկան: Նա հավելեց, որ Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններ վերացրել են այս պատժատեսակը, մինչդեռ այն երկրները, որոնք դեռևս պահպանել են ցմահ ազատազրկումը, կիրառում են այն միայն 21 տարեկանը լրացած անձանց նկատմամբ, այն էլ նախնական հոգեբանական թեստ անցկացնելուց հետո՝ վստահ լինելու, որ անձն ունի 21 տարեկան մարդու հասունություն: Իշխանյանը շեշտեց իր զարմանքն ու հիասթափությունը, որ նախնական քննարկումներից հետո աշխատանքային խումբը փոխել էր ցմահ ազատազրկման տարիքը՝ իջեցնելով շեմը 21-ից 18 տարեկան: Նա համոզված էր, որ սա կատարվել էր պետական մարմինների կողմից աշխատանքային խմբի նկատմամբ ճնշում գործադրելու արդյունքում: Նա շարունակեց, որ Արդարադատության խումբը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ www.e-draft.am հարթակին ներկայացրել էին իրենց առաջարկությունը, որպեսզի վերականգնվի 21 տարեկանը ցմահ ազատազրկման համար: Խմբի ստացած պատասխանում նշվել էր, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող նման փոփոխություն կատարել՝ հաշվի առնելով երկրի պատերազմական իրավիճակը: Իշխանյանը համարում էր սա անհասկանալի պատասխան, որովհետև, նախ՝ պատժի տարիք սահմանելը ոչ մի առնչություն չունի երկրի ռազմաքաղաքական իրավիճակի հետ, և, երկրորդ՝ Հայաստանը պաշտոնապես պատերազմ չի հայտարարել որևէ երկրի: Իշխանյանի կարծիքով տարիքային շեմի փոփոխությունը քաղաքական ընտրություն է եղել, որովհետև երբ աշխատանքային խումբը փոխել է պատժի տարիքը 21-ից 18 հոդված 67-ում, նրանք պահպանել են 21 տարեկանը անչափահասների մասին բաժնում՝ մասնավորապես հոդված 107-ում:
Քննարկվող խնդրահարույց կետերին միացավ Ռոման Ահարոնյանը: Նա անդրադարձավ մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մի շարք հոդվածների, որոնցով փորձ է արված քրեականացնել փաստաբանների մի շարք արարքներ, որոնք չեն ներկայացնում անհրաժեշտ հանրային վտանգավորություն օրենսգրքում ընդգրկվելու համար։ Նրա պնդմամբ այդ կարգավորումները խնդրահարույց են պաշտպանվող շահի որոշման, իրավաչափ նպատակի և համաչափ միջոցի սահմանման տեսանկյունից։ Նշված հոդվածներն ավելի շատ փաստաբաններին կանշկանդելու, քան քրեաիրավական խնդիրեր լուծելու համար են։
Հարց ու պատասխանը հաջորդեց քրեական օրենսգրքի նախագծում առկա խնդիրների քննարկմանը: Քննարկման մասնակիցները ու բանախոսները հատկապես հետաքրքրված էին, թե որն էր Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը քննարկվող երկու նախագծերի վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը բացատրեց, որ Օմբուցմենը ուղարկել է դատական օրենսգրքի ու քրեական օրենսգրքի նախագծերի վերաբերյալ իր եզրահանգումները համապատասխան պետական մարմիններին: Հավելյալ մանրամասների համար ներկայացուցիչը հրավիրեց ներկաներին դիմել իրենց լրատվության բաժին կամ հետևել իրենց աշխատանքներին պաշտոնական կայքում (www.ombuds.am): Քննարկմանը հետևող հարցերը ու լսարանի արձագանքները ցույց տվեցին, որ մարդու իրավունքներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների դեպքում ներկաները ակնկալում են Օմբուցմենի գրասենյակից, որպեսզի վերջինս ներկայացնի իր դիրքորոշումը հանրային կերպով և իր առաջարկները հանրության համար լինեն հասանելի: