Արդարադատության համակարգը և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները Հայաստանում Արևելյան Գործընկերության համատեքստում
Հանրային քննարկում
2015 թվականի մարտի 19-ին, ժամը 9.00 – 11.30 Մարիոթ հյուրանոցի Արարատ դահլիճում (Ամիրյան փողոց, շենք 1), Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահների, Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահի բարձր հովանու ներքո, Բաց հասարակության հիմնադրամների և Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի համագործակցությամբ անցկացվեց հանրային քննարկում «Արդարադատության համակարգը և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները Հայաստանում Արևելյան Գործընկերության համատեքստում» խորագրով:
Քննարկումը հետադարձ հայացք նետեց Հայաստանում, Արևելյան Գործընկերության համատեքստում դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների զարգացման գործընթացների վրա: Անդրադարձ արվեց նաև նշված ոլորտներին և մեխանիզմներին՝ Հայաստանի Եվրասիական Տնտեսական Միության ինտեգրման համատեքստում: Քննարկման ընթացքում ներկայացվեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերլուծությունները և գնահատականները բարեփոխումների ընթացքի վերաբերյալ, դրանք մեկտեղելով քաղաքականության բարեփոխման կոնկրետ առաջարկների հետ:
Քննարկման բանախոսներն էին Արթուր Սաքունցը (Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ), Ավետիք Իշխանյանը (Հայաստանի Հելսինկյան կոմիտեի Նախագահ), Վարուժան Հոկտանյանը (Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն), Արտակ Զեյնալյանը (Իրավունքի գերակայություն հասարակական կազմակերպության նախագահ):
Քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես եկան Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Սաջաթ Քարիմը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը: Քննարկումը համակարգեց Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը: