«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունն ու «Հանրային քաղաքականության ինստիտուտ» (ՀՔԻ) հետազոտական կենտրոնը հրավիրում են Ձեզ մասնակցելու «ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության խնդիրները» թեմայով քննարկմանը, որը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 1-ին, ժամը 16:00-18:00, Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում (հասցե՝ Իտալիայի փող. 1 շենք):
Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել ՀՀ Կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի 857-Ն որոշման արդյունքում աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության բնագավառում ստեղծված նոր իրավիճակը (Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և Աշխատանքի պետական տեսչության միաձուլումն ու վերակազմակերպումը՝ Առողջապահական պետական տեսչության):
Վերլուծության մեջ նկարագրված են այս բնագավառում պետական հսկողության և վերահսկողության իրավական, ինստիտուցիոնալ և գործառնական հիմնախնդիրները, արված են դրանց հաղթահարման առաջարկություններ:
Հետազոտությունն իրականացրել է ՀՔԻ փորձագետ, անկախ հետազոտող Ավետիք Մեջլումյանը՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի «Քաղաքականության կրթաթոշակներ» ծրագրի շրջանակներում: Ավետիք Մեջլումյանը փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, դասավանդում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում:
Հետևյալ հղումներով կարող եք ծանոթանալ.
Ուսումնասիրության ամբողջական տարբերակին՝ https://www.osf.am/wp-content/uploads/2014/06/Labour-Inspection-in-Armenia-A.-Mejlumyan.pdf
Ուսումնասիրության համառոտագրին՝ https://www.osf.am/wp-content/uploads/2014/06/Policy-Brief-Labour-Inspection-in-Armenia-A.-Mejlumyan.pdf
Քննարկմանը մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ էլ. նամակ ուղարկելով ՀՔԻ գործադիր տնօրեն Արևիկ Անափիոսյանին ([email protected]), մինչև հունիսի 30-ը:
Քննարկման լեզուն հայերենն է: