Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը և Արտակ Քյուրումյանը` անկախ հետազոտող, սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու «Պետական պարտքի կառավարումը Հայաստանում: Քաղաքական որոշումները և դրանց հետևանքները» թեմայով քննարկմանը, որը կկայանա սույն թվականի ապրիլի 28-ին, ժամը 16-18-ը Անի Պլազա Հյուրանոցի, Անի սրահում Սայաթ-Նովայի պող., 19 շենք:
2013թ. հոկտեմբերից մինչև 2014թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Արտակ Քյուրումյանն ուսումնասիրել է ՀՀ պետական պարտքի կառավարման, պետական պարտքի ներգրավման, պետական պարտքի մեծության հետ կապված մի շարք հարցեր և կուտակված տվյալներն ու տեղեկատվությունը դիտարկել է ՀՀ-ում զարգացումների, միջազգային փորձի և կատարված հետազոտություններում արձանագրված եզրակացությունների համատեքստում: Վերջին տարիների զարգացումների ուսումնասիրության հիման վրա վերլուծվել են պետական պարտքի վերաբերյալ որոշումների հիմնավորվածությունն ու դրանց կապը ՀՀ կառավարության ռազմավարական ու միջնաժամկետ փաստաթղթերում սահմանված նպատակների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների կանխատեսումների հետ: Ներկայացվում են առաջարկություններ, որոնք հնարավորություն կտան բարելավել պետական պարտքի կառավարման համակարգը և հետագայում խուսափել նախկինում կատարված սխալներից:
Արտակ Քյուրումյանը բիզնես կառավարման մագիստրոս է, Թուլեյնի համալսարան, մի շարք քաղաքականության հետազոտության նախագծերի հեղինակ, ունի նաև պետական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու երկարամյա փորձ: Հետազոտական հետաքրքրությունների հիմնական շրջանակը ներառում է հանրային պարտքի կառավարման, բյուջետավորման պրակտիկաների, հանրային ֆինանսների կառավարման, առողջապահության և կրթության ֆինանսավորման հարցեր:
Զեկույցը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության Քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության շրջանակներում: Նախաձեռնության հիմնական նպատակներից է աջակցել քաղաքականության անկախ հետազոտողներին, նպաստելով Հայաստանում գիտնականների, քաղաքականության վերլուծաբանների, խորհրդատուների և Կառավարության միջև համագործակցային մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը` հանուն արդյունավետ հանրային քաղաքականության մշակման և իրագործման:
Զեկույցի նախնական տեքստը կարող եք գտնել հետևյալ հղումով:
Զեկույցի համառոտագիրը կարող եք գտնել հետևյալ հղումով. (Arm | Eng)