Ուսուցիչների մասնագիտական զարգացման եվ կրթության բովանդակության գնահատումը՝ Հայաստանում հանրակրթության բարեփոխումների համատեքստում հետազոտության հաշվետվությունը:

Մարտի 28ին` ժ. 14:00ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» գրասենյակը կներկայացնի Ուսուցիչների մասնագիտական զարգացման եվ կրթության բովանդակության գնահատումը՝   Հայաստանում հանրակրթության բարեփոխումների համատեքստում  հետազոտության հաշվետվությունը:

Կարևորելով կրթական համակարգում ընթացող բարեփոխումները և դրանց ազդեցությունը կրթության որակի վրա, Հիմնադրամը շարունակում է աջակցել թեմատիկ հետազոտությունների և դրանց հանրային քննարկումների իրականացմանը, միաժամանակ, նպատակ ունենալով կրթության հետ կապված խնդիրները դարձնել նաև լայն հասարակության համար ուշադրության առարկա: Այս նպատակի իրագործման շրջանակում 2013 թվականին Հիմնադրամի օժանդակությամբ իրականացվել է հանրակրթության բարեփոխումների գնահատման հետազոտություն՝ առանձնահատուկ շեշտադրելով կրթության բովանդակության և ուսուցիչների մասնագիտական զարգացման (վերապատրաստումների) ենթաոլորտները:

Հետազոտությունն իրականացվել է «Բարև» գիտակրթական հասարակական կազմակերպության կողմից 2013 թվականի փետրվար – հունիս ամիսների ընթացքում: Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են Երևան քաղաքի և ՀՀ 5 մարզերի 25 դպրոցներ: Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են ուսուցիչների մասնագիտական զարգացման (վերապատրաստումների) և կրթության բովանդակության հիմնախնդիրները։ Հետազոտության մեջ վերհանված են հիմնախնդիրներին առնչվող ենթահարցերը և ներկայացված է դրանց վերաբերյալ Հայաստանում առկա իրավիճակը՝ նորմատիվային դաշտի, աշակերտների, ուսուցիչների, դպրոցների տնօրենների, փորձագետների տեսանկյունից։

Քննարկմանը հրավիրված են ՀՀ Կառավարության, Ազգային Ժողովի, ՀՀ մարզպետարանների և այլ պետական կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, և ոլորտի փորձագետներ:

Լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների համար, կարող եք դիմել ԲՀՀ-Հայաստանի գրասենյակ, Լիլիթ Նազարյանին` 010 533862 հեռախոսահամարով, կամ էլ. փոստով [email protected]: