ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շուրջ երկու տասնամյակ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպությունը (այսուհետ՝ Հիմնադրամ) Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու համար զգալի ֆինանսական միջոցներ և ջանքեր է ներդրել: Մասնավորապես, Հիմնադրամն աջակցել է բոլոնյան բարեփոխումների իրականացմանը:

Սակայն որակի գնահատումն ու ապահովումը, ակադեմիական աշխատանքն ու գիտահետազոտական գործունեության իրականացումը տարիներ շարունակ կատարվել է «զիջումների ենթարկված» բարեվարքության համատեքստում: Մասնավորապես, բարեփոխումների գործընթացի իրականացումը կրել է մակերեսային և ֆորմալ բնույթ, իսկ որակի գնահատումն ու արտաքին ապահովումը կատարվել է վերահսկողության, շահերի բախման և կոռուպցիոն ռիսկերի միջավայրում, որակի ապահովման անկատար և չգործող մեխանիզմների ներքո:

Համակարգում կառավարման թափանցիկության և հաշվետվողականության բացակայության, քաղաքական նպատակով կրթական ներուժի օգտագործման, բուհական համակարգի կառավարման մարմինների քաղաքականացվածության, համակարգի նկատմամբ քաղաքական վերահսկման ու համատարած կոռուպցիայի արդյունքում ձևավորվել է բարեփոխումների լճացում, որակի վերաբերյալ խեղաթյուրված պատկերացում և որակի վատթարացում[1]։

Ներկայումս կրթության որակի վերականգման համատեքստում ստեղծվել է հնարավորություն ապահովելու բովանդակային և համակարգային փոփոխություններ: Այս հարցում կարևոր դեր կարող է ունենալ մասնագիտությունների կրթական ծրագրերի ինքնագնահատումը, որը թույլ կտա հասկանալ ոլորտի ներկա՝ ելակետային վիճակը, սահմանել զարգացման ուղեծիրը և բարելավել կրթության որակը: Այս առումով, կրթական ծրագիրն իրականացնող կառույցի  կողմից (ամբիոն, ֆակուլտետ) որակի ներքին անկախ գնահատումը դառնում է որակի բարելավման ամենաօպտիմալ և արդյունավետ տարբերակը:

Ծրագրի նկարագիր

Հիմնադրամը հայտարարում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար դրամաշնորհային ծրագրի մրցույթ, որի շրջանակում բուհերը հնարավորություն կունենան կատարելու բակալավրիատի կրթական ծրագրի/ծրագրերի ինքնագնահատում: Այն հնարավորություն կտա գնահատել վերջիններիս որակն ու արդյունավետությունը, սահմանել որակի բարելավմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ գործողություններ և կատարել մասնագիտությունների կրթական ծրագրի համապատասխան արդիականացում: Ծրագրի ավարտին բուհը պետք է պատրաստի ինքնագնահատման վրա հիմնված զեկույց:

Կրթական ծրագրի ինքնագնահատման գործընթացի և զեկույցի պատրաստման ընթացքում Հիմնադրամի կողմից բուհերին կտրամադրվի բարձրագույն կրթության ոլորտի միջազգային փորձագետի լրացուցիչ խորհրդատվություն՝ գործընթացի բարեվարքությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու համար (միջազգային խորհրդատվության ծախսերը ներառված չեն դրամաշնորհային մրցույթի մեջ, այդ ծախսերը  հոգում է Հիմնադրամը):

Ծրագրի նպատակ

Ծրագրի նպատակն է ստեղծված նոր պայմաններում հնարավորություն տալ բուհերին օբյեկտիվ և անաչառ նախագծել որակի փոփոխման և բարելավման իրական քայլեր և գործողություններ:

Ծրագրի պայմաններ

Մրցույթին կարող են դիմել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները, որոնք ունեն Հիմնադրամի կամ Պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպաիրավական ձև:

Հիմնադրամից ակնկալվող բյուջեն չպետք է գերազանցի 15,000 ԱՄՆ դոլարը, որը բուհը կօգտագործի ինքնագնահատում կատարելու և արդյունքների վերաբերյալ զեկույց մշակելու համար (նվազագույնը՝ 10 հազար բառ ծավալով): Զեկույցը պետք է պատրաստվի հայերեն:

Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար յուրաքանչյուր բուհ իր ընտրությամբ ներկայացնում է բակալավրի աստիճանի մասնագիտական կրթական ծրագիր/ ծրագրեր։ Կրթական ծրագրի ինքնագնահատումը պետք է կատարվի և զեկույցը պետք մշակվի՝ հատուկ ուշադրություն դարձնելով առարկայական ծրագրերի, դրանց բովանդակության, դասավանդման մեթոդների և կրթական աստիճան/ների կազմմանն ու հաստատմանը, դրանց մշտադիտարկման ու վերանայման մեխանիզմներին, ուսանողակենտրոն դասավանդմանը, ուսանողների ուսումնառության գնահատման չափանիշներին և ընթացակարգերին, պրոֆեսորադասախոսական կազմի որակի ապահովմանը, ընդունման և ազատման ընթացակարգերին, ուսումնառության ռեսուրսներին, ուսանողների աջակցմանը, տեղեկատվական համակարգերին և հրապարակայնությանը[2]:

Ներկայացվող ծրագրի հայտը (դիմում-հայտաձևը կարելի է գտնել այստեղ) պետք է ներառի՝

  • ինքնագնահատման մեթոդաբանական շրջանակի նկարագրություն,
  • ինքնագնահատում կատարող խմբի/ խմբերի կազմավորման պահանջներ և սկբունքներ,
  • ինքնագնահատման վրա հիմնված զեկույց պատրաստող խմբի ձևավորման կարգ:

Հայտը կարելի է ներկայացնել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն[3]:

Լրացուցիչ պայմաններ

Սույն ծրագրի շրջանակում առաջնայնությունը կտրվի այն ծրագրերին, որոնք առավելագույն կերպ կկարողանան ապահովել և ներկայացնել ծրագրի/ ծրագրերի ինքնագնահատման գործընթացի բարեվարքությունը և թափանցիկությունը, գործընթացի առավել մասնակցայնությունը (ուսանողների, դասախոսների, միջազգային փորձագետների, մասնագիտական կամ տվյալ ոլորտի ներկայացուցիչների/ գործատուների ներգրավվածություն) և մասնակցության ապահովման արդյունավետ մեխանիզմներ:

Ըստ բուհի ցանկության և համաձայնության՝ Հիմնադրամը կարող է ծրագրի շրջանակում օժանդակել և ապահովել ոլորտի անկախ միջազգային փորձագետի/փորձագետների ներգրավվածությանը, որը չի ունենա բուհի հետ շահերի որևէ բախում:

Ծրագրի ակնկալվող արդունքներ

Ծրագրի արդյունքում յուրաքանչյուր բուհ՝ ըստ իր ներկայացրած մասնագիտության կրթական ծրագրի/ծրագրերի, կմշակի ինքնագնահատման վրա հիմնված զեկույց:

Ծրագիրը զգալի ֆինանսական և բովանդակային աջակցություն կլինի բուհերի համար իրենց մասնագիտության կրթական ծրագրերի որակը և ընդհանուր գործունեության կատարողականությունն ու բարեվարքությունը  գնահատելու և բարելավելու համար:

Ծրագրի ժամկետները

Սույն դրամաշնորհային ծրագիրը նախատեսվում է սկսել 2019թ. հունիսի 1-ից։ Ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել 12 ամիսը: Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի մայիսի 20ժամը 17.00: Մրցույթին մասնակցելու համար բուհը պետք է ներկայացնի առաջարկվող ծրագրի լրացված դիմում-հայտի ձևը էլ. փոստի հասցեին՝ [email protected]: Դիմումների գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում դիմել հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]:

[1]Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում. Կիրառակա քաղաքականության կետնրոն, ԲՀՀՀ, 2016:
Բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում. Եվրոպայի խորհուրդ,  2015:
ՀՀ բարձրագույն կրթության ռեֆորմների կենտրոնի կառավարման արդյունավետության գնահատումը. Համաշխարհային բանկ, 2013:
Բարձրագույն կրթությունը Հայաստանում այսօր. առկա խնդիրների վերլուծություն. ԿԵՀ բարձագույն կրթության վերլուծական կենտրոն, ԲՀՀՀ, 2013:

https://www.osf.am/wp-content/uploads/2013/10/OSF_HE_report_ARM.pdf

[2] Մանրամասների համար տե՛ս Որակի ապահովման եվրոպական չափորոշիչներ և ուղեցույցներ, բաժին 2, մաս 1:

[3] https://www.osf.am/about-company/apply/
https://www.osf.am/wp-content/uploads/2016/11/application_en1.pdf
https://www.osf.am/wp-content/uploads/2016/11/OSI-grant-application-form_am.pdf
https://www.osf.am/wp-content/uploads/2016/11/application_ru1.pdf