Անցումային արդարադատություն, կոռուպցիա և պետության զավթում. դասեր Հայաստանի համար

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության և «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի» (ICTJ) համատեղ ջանքերով Երևանում հոկտեմբերի 28-ին կայացել է «Անցումային արդարադատություն, կոռուպցիա և պետության զավթում. դասեր Հայաստանի համար» խորագրով քննարկումը, որին մասնակցել են Հայաստանի պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Միջոցառման նպատակն էր քննարկել անցումային արդարադատության դերը իրավական, հաշվետու պետության կառուցման՝ կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական հանցագործությունների, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի բացահայտման և հանրային համերաշխության մթնոլորտի ձևավորման գործում:

Քննարկման առաջին բանախոսն «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի» (ICTJ) ավագ փորձագետ Ռուբեն Կառանզան էր, ով խոսել է հետավտորիտար երկրներում անցումային արդարադատության փորձից: «Երբեմն անցումային արդարադատությունը շփոթում են իրավական աշխատանքի հետ՝ ենթադրելով, թե դա վերաբերում է օրենքների, քաղաքականությունների փոփոխությանը ու վերանայմանը: Սակայն անցումային արդարադատությունը պարզապես օրենքների վերանայում չէ: Այն անցյալի համապարփակ, բազմակողմանի զննություն է, որպեսզի ավելի լայն համատեքստում հասկանալի դառնա, թե ինչպես են ընդունվել, կիրառվել կամ շահարկվել օրենքները, ինչի հետևանքով տեղի են ունեցել մարդու իրավունքի համակարգային խախտումներ ու կոռուպցիոն հանցագործություններ»,- ասել է փորձագետը: Ռուբեն Կառանզայի խոսքով, անցումային արդարադատություն իրականացնելիս անհրաժեշտ է երաշխավորել ոչ թե առանձին խմբերի, այլ ամբողջ հասարակության մասնակցությունը:

Փորձագետն անդրադարձել է նաև «պետության զավթում» հասկացությանը: «Պետության զավթում տեղի է ունենում, երբ ոչ ժողովրդավարական ճանապարհով գալիս ես իշխանության՝ մասնավոր, անձնական շահ ստանալու նպատակով: Պետության զավթման հատկանիշներից մեկն այն է, որ երկրում համակարգային կոռուպցիայի հետևանքով տեղի են ունենում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ»,- ասել է փորձագետը:

Նրա համոզմամբ, անցումային արդարադատությունը չի երաշխավորում կոռուպցիայի իսպառ վերացում, այլ առաջարկում է անցյալի ուսումնասիրում ու գնահատում՝ ապագայում թույլ չտալու պետության զավթման կրկնություն: Կառանզայի կարծիքով, անցումային արդարադատության շրջանակում ստեղծվելիք ճշմարտության հանձնաժողովների հիմնական առաքելությունն է օգնել հասարակություններին, քաղաքացիներին՝ հասկանալու, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել անցյալում, հետևություններ անել անցյալի դասերից և իրական փոփոխությունների մեխանիզմներ առաջարկել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի բնորոշմամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումն անցյալի զննության արդյունք է և գիտելիք՝ վերլուծելու և հասկանալու, թե որոնք էին բազմաթիվ արհավիրքների ու պատերազմների պատճառները: «Իմ համոզմամբ, երկրորդ աշխարհամարտից հետո անցյալի զննության, նախկինում կատարված բռնությունների, հանցագործությունների համար ներողություն խնդրելու գիտակցումն էր հանրային, պետական կյանքը շտկելու և պետությունը զարգացնելու հիմնական միտումը»,- ասել է Սաքունցը: Իրավապաշտպանի բնութագրմամբ, Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի առնչվել է պետության զավթման հետևանքներին, սակայն այդ տարիների առանձին դեպքերն ու փաստերը չեն հավաքագրվել և ներկայացվել մեկ միասնական փաստաթղթում:

Որպես պետության զավթված լինելու օրինակ՝ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարը բերել է Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման անցյալի արատավոր պրակտիկան: «Մարդիկ գնում էին քվեարկության, քվեարկում էին, բայց արդյունքները կեղծվում էին: Կեղծված արդյունքների վերաբերյալ փաստերը որևէ նշանակություն չունեին: Չկար մեխանիզմ՝ խախտումները վերացնելու համար: Շատերը մտայնություն ունեին, թե օրենքները թույլ էին տալիս հասնել արդարության վերականգման, բայց դատական իշխանությունը ձևավորվում է այնպես, որ ամբողջությամբ կախված էր գործադիր իշխանության կամքից: Սա պետության զավթման տիպիկ օրինակ է»,- նշել է իրավապաշտպանը: Արթուր Սաքունցի համոզմամբ, Հայաստանի գործող Սահմանադրությունը, ամրագրելով կայուն քաղաքական մեծամասնության հասկացությունը, ապահովում է պայմաններ պետության զավթումը կրկնելու համար:

Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով, անցումային արդարադատություն իրականացնելիս չափազանց կարևոր է հասկանալ Հայաստանում տարիներ շարունակ արմատացած համակարգային կոռուպցիայի արմատները և դրսևորումները: Հոկտանյանի խոսքով, Հայաստանի հասարակությունը պետք է պատրաստ լինի անցումային արդարադատությանը և կոռուպցիոն հանցագործությունների ամբողջական բացահայտմանը: «Պետք է հասկանալ, արդյոք քաղաքացիները տեր կկանգնեն փոփոխություններին, պասիվ չեն լինի, կաջակցեն փաստահավաք կամ ճշմարտության հանձնաժողովին: Պետք է լինի ակտիվ համագործակցություն այդ հանձնաժողովի և քաղաքացիների միջև: Անցյալի ուսումնասիրությունը պետք է հանգեցնի նրան, որ անցյալում կատարվածն այլևս չկրկնվի և ճշմարտությունն ու արդարադատությունը չկիրառվի ընտրովի ձևով»,- ասել է Վարուժան Հոկտանյանը:

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարում հետաքննական լրագրության դերին: Նա արձանագրել է, որ բազմաթիվ հետաքննություններ Հայաստանում հասարակական ընդվզման ալիք չեն առաջացնում:

«Ինչու՞ Հայաստանում հետաքննությունները չեն դառնում ըմբոստության պատճառ, ինչո՞ւ հասարակությունը նման դեպքերում չի պահանջում իշխանություններից պատժել կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված պաշտոնյաներին: Իմ կարծիքով, պատճառներից մեկը ընդդիմության բացակայությունն է, որը հասարակական ճնշման տակ իշխանություններին կստիպեր փոփոխությունների գնալ»,- ասել է Էդիկ Բաղդասարյանը:

Հետաքննող լրագրողի խոսքով, Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների և կոռուպցիոն սխեմաների բացահայտումները կարող են լուրջ վտանգել երկրի հասարակական և պետական կառույցների ու համակարգերի աշխատանքը: «Մեր երկրում խնդիրները բազմաթիվ են, և ինչ-որ քայլ անելուց առաջ պետք է երկար մտածել ու հաշվի առնել բոլոր ռիսկերն ու վտանգները»,- նշել է Էդիկ Բաղդասարյանը:

Անդրադառնալով տարբեր երկրներում անցումային արդարադատության իրականացման փորձին՝ «Հետք»-ի ղեկավարն ընդգծել է, որ պետք է ոչ թե պատճենել տարբեր երկրների փորձը, այլ տեղայնացնել անցումային արդարադատության գործիքները Հայաստանում:

Հարավային Աֆրիկայում գործող Open Secrets հասարակական կազմակերպության ղեկավարը Հեննի Վան Ֆյուրենը ներկայացրել է անցումային արդարադատության հարավաֆրիկյան փորձը:

«2019 թ.-ին Հարավային Աֆրիկան 25-ամյա ժողովրդավարություն և անկախ պետություն է: Երկիրն առերեսվում է բազմաթիվ մարտահրավերների հետ:Բնակչության շուրջ 50 տոկոսն աղքատ է, հասարակությունը՝ բևեռացված: Կոռուպցիան և տնտեսական բնույթի հանցագործությունները հասարակության կողմից ընկալվում են որպես լուրջ խնդիր: Անցումային արդարադատություն իրականացնելիս մենք անդրադարձել էինք երկու խմբերին. առաջինը՝ նրանց, ովքեր իրականացրել էին տնտեսական բնույթի հանցագործություններ, երկրորդը՝ այդ հանցագործություններում ներգրավված անվտանգության ծառայությունները: Այդ հանցագործությունները ապակայունացրել են մեր երկրում ժողովրդավարական գործընթացները: Նախագահ Զումայի կառավարման տարիները մենք նկարագրում ենք որպես պետության զավթման փուլ, երբ տարբեր ժողովրդավարական ինստիտուտներ խարխլվեցին, և երկրի հետախուզությունն ու անվտանգության ծառայությունները ներգրավվեցին պետության զավթումը թաքցնելու գործում», – ասել է նա:

Փորձագետի նկարագրմամբ, պետության զավթումը Հարավային Աֆրիկայում արտահայտվել է իշխանության կողմից երկրի ռեսուրսների յուրացմամբ, բազմաթիվ տնտեսական հանցագործությունների կատարմամբ, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարմամբ: Փորձագետի խոսքով, այդ իրավիճակը ստիպեց երկրի քաղաքացիական հասարակության խմբերին միավորվել և կազմակերպել տնտեսական հանցագործությունների բացահայտման ժողովրդական տրիբունալներ: Քաղաքացիական հասարակությունը կարողացավ օգտագործել տրիբունալների լսումների ընթացքում հավաքագրված տեղեկությունները և պահանջել երկրի կառավարությունից պատասխանատվության կանչել տնտեսական հանցագործությունների հեղինակներին ու կատարողներին: Այդ լսումների արդյունքը եղավ այն, որ Հարավ-աֆրիկյան կառավարությունն արձագանքեց բարձրաձայնված խնդիրներին և ստեղծեց ազգային հանձնաժողով՝ ուսումնասիրելու պետության զավթման հետևանքները:

Հեննի Վան Ֆյուրենը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը մեծ ներուժ ունի կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների բացահայտման համար: Ըստ նրա, անհրաժեշտ է պարզապես հաշվի առնել ու ճիշտ գնահատել այն բոլոր դերակատարներին ու խմբերին, որոնք, տարբեր շահերով պայմանավորված, կարող են ընդդիմանալ և խոչընդոտել այդ բացահայտումներին: