Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում՝ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ

2020թ. հունվարին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում Հայաստանի Հանրապետությունը  ներկայացնելու է մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ թվով 3-րդ զեկույցը:  «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը միավորում է ավելի քան 60 հասարակական կազմակերպություն, այս տարվա դեկտեմբերին սկզբին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին արդեն ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական հասարակության զեկույցները՝ երկրում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

Նախաձեռնությունը դեկտեմբերի 18-ին  Երևանում կազմակերպել էր հանրային քննարկում «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» թեմայով: Հայաստանի կառավարության, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած այս միջոցառման նպատակն էր քննարկում ծավալել Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ներկա վիճակի ու բարեփոխումների օրակարգի շուրջ: Միջոցառումը կազմակերպվել էր թեմատիկ քննարկումների ձևաչափով, որոնց ընթացքում բանախոսներն  անդրադարձել են Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին, խտրականության դեմ պայքարին, խոսքի, հավաքների և միավորումների ազատությանը,  սոցիալական արդարությանը, կրթության ու առողջապահության մատչելիությանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Մարթա Այվազյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրակյանը և Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Հայաստանը Համընդհանուր պարբերական դիտարկմանը զեկույցներ ներկայացնում է 2008թ.-ից: ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ 2008թ.-ից ի վեր այս գործընթացի շրջանակում Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետություններից ստացել է  360 հանձնարարական, որոնցից 313-ն ընդունվել է: Այս անգամ ՀՊԴ զեկույցի ներկայացումը համընկել է Հայաստանի համար կարևոր ժամանակաշրջանի հետ, երբ մեր երկիրն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2020-2022 թթ.-ի համար:

«Թավշյա հեղափոխությունը դարձավ արժեքների վերականգնման կարևոր փուլ, ինչն իր անդրադարձը գտավ նաև Հայաստանի քաղաքական օրակարգում: Կառավարությունն իր ծրագրում՝ որպես արտաքին քաղաքականության սկզբունքային առաջնահերթություն, ի թիվս այլ ուղղությունների, հռչակել է նաև մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության ամրապնդումը և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը»,- նշել է նախարարի խորհրդականը՝ ընդգծելով քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ կարծիքի ձևավորման ու քաղաքականության մշակման գործում:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն իր խոսքում նշել է, որ Համընդհանուր պարբերական դիտարկումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կիրառվող համեմատաբար նոր գործիքակազմերից է: Այն, ըստ ՄԱԿ-ի մշտական համակարգողի, յուրահատուկ է այն տեսանկյունից, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները հավասարապես անցնում են այս դիտարկումը, և բոլոր երկրները, առանց բացառության, հնարավորություն ունեն հանձնարարականներ տալ, իսկ դիտարկում անցնող երկիրը՝ ընդունել կամ հրաժարվել այդ հանձնարարականներից:

«ՀՊԴ ընթացակարգը մեծ վստահություն է վայելում ՄԱԿ-ի անդամ երկրների շրջանում: Հայաստանը պատրաստվում է դիտարկումն անցնել արդեն երրորդ անգամ, և սա կարևոր հնարավորություն է՝ արձանագրելու ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցած կարևոր առաջընթացը և բարձրաձայնելու առկա խնդիրները»,- ասել է Շոմբի Շարփը:

Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն իր խոսքում նշել է, որ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը  Ժնևում արդեն ներկայացրել է 51 կազմակերպությունների կողմից կազմված քաղաքացիական հասարակության զեկույցը:  Նրա դիտարկմամբ, մինչհեղափոխական և հետհեղափոխական շրջանի Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված գործընթացները ոչ միայն տարբեր են, այլ պետք է գնահատվեն տարբեր սանդղակներով:

«Մինչ հեղափոխությունը մենք՝ քաղաքացիական հասարակությունը, զեկույցները կազմելիս և ներկայացնելիս ունեինք նպատակ՝ բարձրաձայնելու մարդու իրավունքների, արդարադատության ոլորտներում ամենօրյա վատթարացող վիճակը: Հիմա, հեղափոխությունից հետո, մենք տեսնում ենք, որ կա քաղաքական կամք՝ մարդուն բարձրացնելու, նրա հանդեպ հարգանքը մեծացնելու, իրավունքը պաշտպանելու և առաջ տանելու համար: Իրավունքի, արդարության մեծ դեֆիցիտը միլիոնավոր մարդկանց մղեց հեղափոխության: Մենք պետք է կարողանանք փոխված իրավիճակում հետ բերել արդարության թե՛ գաղափարը, թե՛ արժեքը, թե՛ դրա հասանելիությունը»,- նշել է Լարիսա Մինասյանը:

Քննարկման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ: