Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայացրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումները

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն սկսում է  «Հայաստանը սահմանադրական փոփոխությունների գործընթացում» խորագրով քննարկումների շարքը: Շարքի առաջին՝  «Սահմանադրական  փոփոխությունները  Հայաստանում. քաղաքացիական  հասարակության  դիրքորոշումները» թեմայով քննարկումը տեղի է ունեցել փետրվարի 20-ին Երևանում: Քննարկման նպատակն էր հասկանալ սահմանադրական փոփոխությունների անհետաձգելիությունը` երկրում իրավունքի, արդարադատության վերականգնման և հաշվետու կառավարման գործընթացում, ինչպես նաև ներկայացնել քաղաքացիական հասարակության դիրքորոշումներն այդ փոփոխությունների ու հիմնական սկզբունքների շուրջ, որոնք պետք է ամրագրվեն ու երաշխավորվեն բարեփոխված սահմանադրությամբ:

Քննարկման առանցքային թեմաներն էին հաշվետու կառավարումը՝ իշխանության թևերի միջև հավասարակշռության երաշխավորման և վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմների միջոցով, օրենքի գերակայության ապահովումը՝ պատշաճ գործող և անկախ դատական համակարգի, դատախազության և քննչական ծառայության միջոցով, և մարդու իրավունքների պաշտպանությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, բացելով քննարկումը, նշել է, որ Թավշյա հեղափոխությունից  հետո բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ պահանջ-առաջարկ էին ներկայացրել իշխանություններին՝ քաղաքական գնահատական տալու անցյալում պետության զավթմանը: «Քաղաքական գնահատականը, որը պետք է ընդունվեր Ազգային ժողովի մակարդակով, պետք է շոշափեր պետության զավթման ողջ ծավալը, մեխանիզմները և նախանշեր բարեփոխումները, որոնք երկիրը կտանեին դեպի զարգացման»,- նշել է բանախոսը: Լևոն Բարսեղյանն առանձնացրել է երկու պատճառ, թե ինչու այդ գնահատականը մինչև այժմ չի տրվել: «Առաջինը՝ իշխանությունները, մասնավորաբար՝ օրենսդիր մարմինը,  այդպիսին չի գնահատում մեր անցյալը: Օրենսդիր մեծամասնությունը չի գնահատում, որ տեղի է ունեցել պետության զավթում: Երկրորդը, որը քիչ հավանական և անցանկալի եմ համարում, այն է, որ մտահոգություն ունեն, թե միջազգային խայտառակ ճնշումների կենթարկվի մեր երկիրը»,- ասել է Լևոն Բարսեղյանը։

Խոսելով սահմանադրական փոփոխություններից՝ նա համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է ոչ թե փոխել և լրամշակել գործող սահմանադրությունը, այլ ունենալ բոլորովին նորը: Ըստ Բարսեղյանի, հանրությանը պետք է պատշաճ ժամանակ տրվի՝ ծանոթանալու և հասկանալու նոր կամ փոփոխվող սահմանադրության նախագիծը, և դրանից հետո կազմակերպվի հանրաքվե: Նա ընդգծել է, որ թափանցիկ և հաշվետու կառավարման, ուղղակի ժողովրդավարության, երկրի համաչափ զարգացման սկզբունքները ու երաշխիքները պետք է ամրագրված լինեն սահմանադրության մեջ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկմամբ, գործող սահմանադրության անպիտանելիությունը բացահայտ դրսևորվեց 2018 թ.-ին, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր կառավարման ժամկետը երկարացնել, բայց տեղի ունեցավ հեղափոխությունը։ «Ինչպե՞ս գործեց սահմանադրությունը, տվե՞ց լուծումներ քաղաքական իրավիճակի փոփոխության ժամանակ: Ո՛չ, չտվեց: Աբսուրդ է պառլամենտական երկրում փոքրամասնության ներկայացուցչին ընտրել վարչապետ: Աբսուրդ է, երբ երկրի սահմանադրության կարգավորող նորմը պետք է աշխատեցվի, և դա ապահովվում է միայն ժողովրդի զանգվածային պահանջի պայմաններում»,- նշել է իրավապաշտպանը:  Գործող սահմանադրությունը, ըստ Արթուր Սաքունցի, ամրագրում է կայուն քաղաքական մեծամասնության սկզբունքը,  որը միտված է երաշխավորելու մեկ կուսակցության կառավարումը:

«Փորձեցին Հայաստանում կառավարելի ժողովրդավարության մոդել հորինել, բայց չանցավ։ Այս սահմանադրությունն անփոփոխելի է, որովհետև դրա փոփոխության ցանկացած նախագիծ պետք է ստանա Սահմանադրական դատարանի եզրակացությունը։ Սա՝ ելնելով այն սկզբունքից, որ իշխանությունն անփոփոխելի»,- նկատել է նա: Արթուր Սաքունցի դիտարկմամբ, Թավշյա հեղափոխությունը մերժել է ոչ միայն նախորդ իշխանությանը, այլև գործող սահմանադրությունը, որը պետության զավթումն ապահովող Սահմանադրություն է։  «Այս սահմանադրությունը երկիրը փակուղի տանող, ճգնաժամային սահմանադրություն է. ճգնաժամ, որի հաղթահարումը կարող է տեղի ունենալ վարչապետի կամ մեկ խմբի սուբյեկտիվ ցանկությամբ: Այս առումով, մենք համոզված ենք, որ արմատապես նոր սահմանադրություն պետք է լինի»,-  ընդգծել է Արթուր Սաքունցը:

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ղեկավար Գենյա Պետրոսյանի դիտարկմամբ, սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակում անհրաժեշտ է վերականգնել մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքները, որոնք զգալիորեն նվազել են 2015 թ.-ին ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Իրավապաշտպանը նկատել է, որ դրա հետևանքով այսօր ՀՀ քաղաքացին հնարավորություն չունի Սահմանադրական դատարանում վիճարկելու այն օրենսդրական ակտերը, որոնք պարունակում են իրավունքի խախտում: «Իրավունքների խախտումների վիճարկումը փաստացի բացառվել է:  Գործող սահմանադրությունում նվազել են մարդու մի շարք հիմնարար իրավունքների երաշխիքները, մասնավորապես  անմեղության կանխավարկածի, անձնական ազատության անձեռնմխելիության իրավունքի հետ կապված»,- ընդգծել է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ղեկավարը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքով,  նոր սահմանադրություն մշակելը իմաստ կունենա միայն, եթե մշակվի ու ընդունվի կուսակցությունների մասին նոր օրենք ու նոր ընտրական օրենսգիրք:

«Պառլամենտական համակարգը չի կարող արդյունավետ գործել առանց բազմակուսակցական համակարգի: Սահմանադրությունում պետք է ֆիքսել կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության դրույթը։ Բացի այդ, պետք է հանել կայուն մեծամասնության գաղափարը, որովհետև դա հակացուցված է պառլամենտական համակարգի պարագայում»,- նշել է բանախոսը:

«Ալիք» մեդիայի ղեկավար Արսեն Խառատյանն իր ելույթում անդրադարձել է նոր սահմանադրությունում զսպումների ու հակակշիռների անհրաժեշտությանը: Նրա խոսքով, Հայաստանի սահմանադրություններից և ոչ մեկը հանրային կոնսենսուսի արդյունք չի եղել: «Սա է պատճառը, որ ունենք մի սահմանադրություն, որը կազուսների կծիկ է: Ամեն նոր քայլի պարագայում կանգնում ենք նոր մարտահրավերի առջև, և այդ փաստաթղթի միջոցով հանրային հարաբերություններ, քաղաքական գործընթացներ ձևավորելու հնարավորություն չենք ունենում»,- ասել է բանախոսը: Արսեն Խառատյանը համակարծիք է քննարկման մյուս բանախոսների հետ նոր սահմանադրության ընդունման հարցում՝ նկատելով, որ գործող սահմանադրությունը գրվել է մեկ քաղաքական ուժի հարատևությունն ապահովելու համար:

Խառատյանի դիտարկմամբ, Հայաստանում գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունների միջև իրական հակակշիռների բացակայությունը բացահայտ դրսևորվում է հիմա: Ամենամեծ խնդիրը, ըստ բանախոսի, դատարանների, մասնավորապես Սահմանադրական դատարանի քաղաքականացված լինելն է: «Պետք է բացառել դատարանների որևէ առնչությունը քաղաքական խմբերի հետ: Նոր սահմանադրության շուրջ քննարկումները պետք է առավելապես կենտրոնանան դատական համակարգի առողջացման վրա»,- ասել է նա:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ, նախ պետք է հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդելու սահմանադրական փոփոխությունները:  «Այսօր թեև ունենք պառլամենտական համակարգ, բայց սահմանադրությունը թույլ է տալիս անձին, որը կուսակցական չէ, կուսակցական ցուցակով մտնել խորհրդարան, այնուհետ  դուրս գալ խմբակցությունից, բայց մնալ պատգամավոր և պահպանել մանդատը: Սա հակասում է պառլամենտական համակարգի տրամաբանությանը: Պետք է ընտրել այնպիսի կառավարման համակարգ, որի պայմաններում կնպաստենք քաղաքական համակարգի զարգացմանը, կուսակցությունների կայացմանը»,- նշել է Մարտիրոսյանը:

Նրա համոզմամբ, նոր սահմանադրությունը պետք է վերաձևակերպի երկրի ներքին և արտաքին քաղաքականության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության տրամաբանությունը:  Որպես օրինակ Մարտիրոսյանը բերել է Հայաստանում դեսպանների նշանակմանը գործընթացը՝ ընդգծելով, որ դեսպանների նշանակումը պետք է հաստատի խորհրդարանը՝ արտաքին քաղաքականության ոլորտում վերահսկողություն իրականացնելու համար: Բանախոսի կարծիքով, նոր սահմանադրությունը պետք է ամրագրի նաև խորհրդարանական վերահսկողությունն ազգային անվտանգության ու պաշտպանության ոլորտներում:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշել է, որ դեռեւս 1990- ականներից  առավել արդյունավետ կառավարման միջոց է համարում խորհրդարանական կառավարման համակարգը, որովհետեւ իշխանության տարանջատում եւ անկախ դատական համակարգ կարելի է ունենալ այդ համակարգով: Ըստ Ավետիք Իշխանյանի, սահմանադրությունում մի շարք փոփոխություններ պետք է արվեն՝ ամրագրելով, օրինակ, որ ԱԺ-ն բաղկացած է 101 պատգամավորից, ոչ թե առնվազն 101 պատգամավորից: Պետք է փոխվի նաեւ պատգամավորական մանդատի անհամատեղելիության հոդվածը՝ բացառելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու բոլոր հնարավորությունները: Իշխանյանը կողմ է նախագահի լիազորությունների ընդլայնմանը: Օրինակ, համաներումը, ըստ իրավապաշտպանի, չպետք է լինի գործադիր իշխանության լիազորությունը, այլ պետք է փոխանցվի նախագահի ինստիտուտին, իսկ նախագահի ընտրության կարգը պետք է լինի մեծ կոնսենսուսով, ոչ թե խորհրդարանի բացարձակ մեծամասնության կողմից: Պետք է հնարավորություն տալ նախագահին օրենքում կատարել առաջարկություններ ու մեկնաբանություններ, իսկ անհրաժեշտության դեպքում օրենքը  հետ ուղարկել Ազգային ժողով, այլ ոչ թե պարզապես ստորագրել ու կնքել այն:

Քննարկման ամբողջական տեսագրությունը հասանելի է այստեղ: