Անցումային արդարադատության համակարգի հրատապ ներդրման անհրաժեշտության մասին

ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Ծառուկյանի տան խուզարկությունը, հետագա հարցաքննությունը և Գ.Ծառուկյանի հետ կապակցվող մի քանի քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը ողջ հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռեցին Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին և իշխանությունների գործելաոճին:

2018թ․ հեղափոխությունից առաջ և հետո մարդու իրավունքների պաշտպանները, հետաքննող լրագրողները, գործարարները շարունակաբար բարձրաձայնել են պետությունը զավթած իշխանությունների հետ սերտաճած քրեական օլիգարխիայի շրջանակների կողմից անպատժելի ընտրախախտումների, ապօրինի սեփականաշնորհումների, պառլամենտական մեծամասնության հովանավորության ներքո բիզնես արտոնություններ ստանալու և պետության շահերին էական վնաս պատճառելու մասին:

Բոլոր նկարագրված երևույթները փոխկապակցված են և ունեն համակարգային բնույթ՝ հանդիսանալով ոչ միայն պետության զավթման հետևանք, այլև պետության զավթումը վերարտադրելու միջոց: Հետեւաբար, նմանատիպ երևույթները պետք է ուսումնասիրել և համակարգային լուծումներ մշակել անցումային արդարադատության գործիքակազմի միջոցով:

Հերթական անգամ կարևորելով մարդու իրավունքների զանգվածային խախտումները բացահայտելու և դրանց քաղաքական և իրավական համապատասխան գնահատական տալու անհրաժեշտությունը, գտնում ենք, որ անցյալին գնահատական տալու տրամաբանությունից դուրս իրականացվող գործողությունները խոցելի են դարձնում հանրային վստահությունը վայելող դատաիրավական համակարգ ձևավորելու գործընթացը: Ավելին դատաիրավական արմատական բարեփոխումների բացակայության պայմաններում անորոշ է նաև այս գործերի հետագա ընթացքը և ազդեցությունը հանրային հետագա հարաբերությունների և քաղաքականության կանոնների վրա:

Մենք հավատացած ենք, որ նախահեղափոխական շրջանի լայնածավալ իրավախախտումները, ինչպիսիք են ընտրական գործընթացներին առնչվող հանցագործությունները, անհրաժեշտ է դիտարկել միայն այդ իրավիճակին համապարփակ գնահատական տալու համատեքստում: Հակառակ դեպքում կառավարության ուշացած և հատվածային միջոցառումները հանգեցնում են ընտրովի արդարադատության մասին տեսակետների ձևավորման ու անպտուղ քաղաքական շահարկումների:

Կոչ ենք անում իշխանություններին՝ միջազգային լավագույն փորձի կիրարկմամբ, օգտագործելով հայաստանյան եւ միջազգային մասնագիտական ներուժը, հրատապորեն գործարկել անցումային արդարադատության արդյունավետ մեխանիզմ, ապահովելով պատշաճ հաշվետվողականություն հանրությանը: Հարկավոր է գիտակցել, որ հապաղումն ու հատվածական լուծումները արդարության հաստատման չեն հանգեցնելու:

Հայտարարությունը բաց է միանալու համար։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանձորի գրասենյակ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն»
Արծվաբույն Զեյթուն հայրենակցական միավորում
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ
Հարկ վճարողների և Գործարարների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն
Կարեն Թումանյան, փաստաբան
Լոգոս ԻՀԿ
«ԵՀԱԿ» ՀԿ
«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
Արծվաբույն Զեյթուն հայրենակցական միավորում
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ